Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում իր առաջին գոլը խփելուց և «Միլանին» հաղթելուց հետո կիսվել է տպավորություններով, փոխանցում է «Արսենալի» պաշտոնական կայքը: Այս մասին գրում է armsport.am-ը:
«Արսենալը», հիշեցնենք, ԵԼ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Սան-Սիրոյում», իսկ Մխիթարյանը բացել է հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին.
Խաղի և գրանցած արդյունքի մասին ….
«Առաջին կեսում շատ լավ խաղացինք:
Կարծում եմ` երկրորդ կեսում կենտրոնացման պակաս կար, այդ իսկ պատճառով չկարողացանք գտնել մեր լավագույն խաղը, բայց ամենակարևորն այն է, որ ունենք երկու գոլի առավելություն և ցույց տված հիանալի արդյունք:
Շատ կարևոր է, որ գոլ բաց չթողեցինք, ավելին` երկու գոլ խփեցինք արտագնա խաղում: Հիմա պետք է պատրաստվենք «Ուոթֆորդի» հետ մեր հաջորդ խաղին, իսկ հետո դարձյալ «Միլանի» հետ խաղին: Գիտենք, որ պատասխան խաղում հեշտ չի լինելու, բայց ամեն ինչ կներդնենք` հաջորդ փուլ անցնելու համար»:
Այս հաղթանակի առանձնահատկության մասին …
«Միշտ առանձնահատուկ զգացողություններ ես ունենում խաղալով այնպիսի մարզադաշտում, ինչպիսին «Սան-Սիրոն» է, բայց դա նշանակություն չունի, եթե մենք խաղում ենք հյուրընկալվելիս: Մարզադաշտում տիրող մթնոլորտը հիանալի էր: Կարծում եմ` յուրաքանչյուր ֆուտբոլիստ կցանկանա խաղալ այսպիսի մարզադաշտում և այսպիսի մթնոլորտում: Մենք դրան ուշադրություն չէինք դարձնում, բայց շնորհակալ ենք, որ մեր երկրպագուները Լոնդոնից և ամբողջ աշխարհից ժամանել էին մեզ աջակցելու համար:
«Արսենալում» խփած առաջին գոլի մասին …
«Իհարկե, ինձ համար շատ հաճելի է: Առաջին գոլս խփեցի «Արսենալի» կազմում, ինչի համար շատ ուրախ եմ: Բայց հիմա պետք է շարունակեմ նույն կերպ»: