Հայկական բաստուրմայի համար հերթ են կանգնում. ինչն է զարմացրել իտալացի լրագրողին
Advertisement 1000 x 90

Հայկական բաստուրմայի համար հերթ են կանգնում. ինչն է զարմացրել իտալացի լրագրողին

Լիբանանահայերի խոհանոցը տարբերվում է օտարների և բուն հայկական խոհանոցի միաձուլմամբ։ Նման եզրակացության է հանգել իտալացի լրագրող Էմմա Գատենը Բեյրութ այցելելուց հետո։

Լիբանանի հայերը պահպանել են իրենց լեզուն և մշակույթը, իհարկե, նաև խոհանոցը։ Դա տեսել է (իսկ ամենակարևորը` համտեսել) իտալացի Էմմա Գատենը, որը Բեյրութ կատարած ուղևորության մասին գրել է Munchies խոհարարական պարբերականում։

Ժամանակին արաբները հայերին ընդունեցին որպես յուրայիններ։ Իսկ հայերն այստեղ ստեղծեցին արհեստանոցների, խանութների և ռեստորանների աշխույժ կենտրոն։

Բուրջ Համուդ հայկական թաղամասի պատերին կարելի է Թուրքիայի մասին ամենատարբեր գրություններ տեսնել։

«Թուրքիա, գնա…»,- նաև այսպիսի գրություն կա։ Մեկ այլ պատի վրա պատկերված է նախկին Օսմանյան կայսրությունը, իսկ արևելյան հատվածում ավելացված է «Արևմտյան Հայաստան» գրությունը։

Խորտկարաններում իսկական հերթեր են գոյանում բաստուրմայով բուտերբրոդների համար։ Իտալացիներն այն անվանում են «հայկական բրեզաոլո». նման ապխտած միս պատրաստում են նաև Իտալիայի հյուսիսում գտնվող ալպիական հովիտներում։

Լիբանանահայերը բաստուրմայով բուտերբրոդների մեջ դնում են թարմ լոլիկ և վարունգ` կծվությունը մեղմելու համար։

Միջերկրածովյան և բուն հայկական խոհանոցի միաձուլմամբ էլ հենց տարբերվում է Լիբանանի հայերի խոհանոցը։ Երկու ճյուղերը միաձուլվելով` հիանալի ուտեստներ են դառնում, որոնց ավելի ախորժելի են դարձնում հայկական համեմունքները, մածնով, ինչպես նաև նռան հյութով պատրաստած սոուսները։

Թերևս ամենամեծ պահանջարկն ունի «Մայրիկ» ռեստորանը, որը բացել է Ալիս Կամակյանը, իսկ որպես հիմք վերցրել է տեղի հայերի բաղադրատոմսերը։ Այսօր այնտեղ 40 մարդ է աշխատում, իսկ տերերը նման ռեստորան են բացել նաև Դուբայում։

Լավ հասկանալու համար, թե որտեղից են ծագել այդ ուտեստները, մի քանի տարի առաջ նա մեկնել է Թուրքիայի արևելյան հատված։ Հայերին ոչ միայն ուզում էին սպանել, այլև բնաջնջել` չթողնելով ոչ մի հիշատակում նրանց մասին, ասում է նա։ Լեզուն, որով նրանք խոսում էին, վանքերը, ուր հաճախում էին, հացը, որ ուտում էին։ Նա այդ ժամանակ իմացավ, որ թուրք սուլթանների խոհարարները հայեր են եղել։

Այսօր նրանց ժառանգների և հետնորդների վարպետությունը հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են համտեսել հայկական խոհանոցի ուտեստները կամ պարզապես քաղցած են։

armeniasputnik.am