Միշտ ինքս եմ որոշում. Մեդվեդևա-Բաբասյանը պատմել է մոր հետ հարաբերությունների մասին
Advertisement 1000 x 90

Միշտ ինքս եմ որոշում. Մեդվեդևա-Բաբասյանը պատմել է մոր հետ հարաբերությունների մասին

Գեղասահորդուհին լսում է մոր խորհուրդները, նրանց կարծիքները հաճախ համընկնում են, բայց վերջնական որոշումը միշտ կայացնում է Եվգենյան։

2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, կանանց մենասահքում աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) երախտապարտ է մորը, որ նրան սահադաշտ է տարել։ Նա այս մասին պատմել է Woman Journal առցանց ամսագրին տված հարցազրույցում։

«Սովորաբար մայրիկս երկրպագում է ինձ հեռվից, բայց այս անգամ նա Կորեայում էր` P&G-ի «Շնորհակալություն, մայրիկ» օլիմպիական ծրագրի շնորհիվ։ Միայն այն, որ նա կողքիս էր, ինձ մեծ վստահություն էր ներշնչում»,- ասել է Եվգենյան։

Գեղասահորդուհին նշել է, որ առանց մոր աջակցության մեծ սպորտում չէր հայտնվի։

«Շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար, այն ամենի, ինչ արել է և անում է, նրա բացարձակ սիրո, աջակցության, ուժի և իմ նկատմամբ ունեցած հավատի համար։ Հենց այդ պատճառով էլ շատ ուրախ էի, որ միացա նախագծին»,- ասել է Եվգենյան։

Գեղասահորդուհին ասել է, որ լսում է մոր խորհուրդները, բայց ինքնուրույն է գործում։

«Գնահատում եմ մայրիկիս խորհուրդները, մեր կարծիքները հաճախ համընկնում են, բայց միշտ ինքս եմ որոշում կայացնում»,- ասել է նա։

Եվգենյայի մայրը` Ժաննա Դևյատովան, նախկին գեղասահորդուհի է, Մոսկվայի չեմպիոն։ Սպորտից հեռացել է ծանր վնասվածքի պատճառով։

Գեղասահորդուհին պատմել է նաև` ինչպես է սիրում անցկացնել ազատ ժամանակը` միևնույն ժամանակ նշելով, որ ազատ ժամանակ հազվադեպ է ունենում։

«Երբեմն ստացվում է, որ հանգստանալու համար ընդամենը մեկ օր եմ ունենում։ Այդ ժամանակ կարող եմ մենակ մնալ. լռությունը թույլ է տալիս հանգստանալ և հավաքել ուժերս»,- խոստովանել է Եվգենյան։

Եվգենյան մորական տատի ազգանունն է կրում` Մեդվեդևա։ Ինչպես ավելի վաղ «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում ասել էր Ժենյայի հայրը` Արման Բաբասյանը, ազգանունն աղջիկը փոխել է հոր համաձայնությամբ։ Հայրը կարծում է, որ այդ պահին դա ճիշտ որոշում էր։

Արմանը դստեր ու կնոջ հետ չի ապրում, բայց Ժենյային այնքան բուռն է երկրպագում, որ նրա` ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները չի նայում։ Ասում է` շատ ծանր հուզական բեռ է, բացի այդ, չի ուզում ավելորդ հուզմունք փոխանցել Ժենյային։

armeniasputnik.am