Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում վաղը «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի «Ուոտֆորդի» հետ: Չնայած, որ Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս հաղթեց «Միլանին», այդուհանդերձ լոնդոնյան թիմի շուրջ լարվածությունը չի նվազել: «Արսենալի» երկրպագուների համար մրցաշրջանն արդեն իսկ ձախողված է:
Նշվում է, որ Վենգերը կորցրել է իր հնարավորությունը թիմում մնալու Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում 3:0 հաշվով «Մանչեսթեր Սիթիին» զիջելուց հետո: Այս պարտությունից մի քանի օր անց էլ արդեն Պրեմիեր լիգայի շրջանակներում «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիին» «Էմիրեյթսում» զիջել էր նույն 3:0 հաշվով: «Ուղղակի չեմ հասկանում այն մարդկանց, որոնք «Միլանի» հետ հաղթանակը որակում են որպես «Արսենալի» վերածնունդ: Վենգերի հրաժարականի հարցը կմնա օրակարգում, եթե նույնիսկ մեր թիմը նվաճի Եվրոպա լիգայի գավաթը: Շուրջ երկու տարի Անգլիայի Պրեմիեր լիգայում չենք կարողանում լավագույն հնգյակում ամրապնդվել: Սա խայտառակություն է: Սթափվել է պետք: Կոչ եմ անում «Արսենալի» բոլոր երկրպագուներին «Ուոտֆորդի» հետ մրցավեճում մեկ մարդու պես պահանջել Վենգերի հրաժարականը»,- Թվիթերյան իր էջում գրել է «Արսենալի» ֆանատներից @Arnol74-ը:
Մամուլում զետեղված հրապարակումների համաձայն «Արսենալի» բաժնետերերը կարծում էին, որ Հենրիխ Մխիթարյանին և Պյեր Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելուց հետո Վենգերին կհաջողվի պայքար մղել լավագույն քառյակում տեղ ունենալու համար: Ու հիմա թիմի տերերը հիասթափված են: 29-րդ տուրից հետո «Արսենալը» 45 միավորով միայն 6-րդն է և արդեն 8 միավորով է զիջում 5-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիին»: 4-րդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմն» էլ Վենգերի թիմին գերազանցում է 13 միավորով: «Բրայթոնից» կրած պարտությունից հետո Վենգերը նշել էր, որ լավագույն քառյակում տեղ ունենալն արդեն իսկ անիրատեսական է: «Թիմում առկա է մոտիվացիայի պակասը, ինչն արտացոլվում է խաղացողների ոչ այնքան արդյունավետ գործողություններում: Հոգեբանական տեսանկյունից ևս դժվար է ուշքի գալը, մեզ մոտ դժվար շրջան է։ Կարող եմ ասել, որ շատ դժվար է լինելու առաջնությունն ավարտել լավագույն քառյակում և իրավունք ձեռք բերել հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Կարծում եմ՝ դա տեսականորեն անհնար է։ Դրա համար անհրաժեշտ է, որ լավագույն հնգյակում գտնվող թիմերից 2-ը ձախողվեն։ Մեր գլխավոր խնդիրը ճգնաժամից դուրս գալն է: Պետք է հասկանանք՝ ինչ պետք է անել նորից հաղթելու համար: Ուզում եմ հայտարարել, որ ես ունեմ փորձ ու ցանկություն ծանր իրավիճակից դուրս գալու համար։ Հիմա ժամանակը չէ հուսահատվելու, մենք պետք է օգնենք միմյանց: Համախմբվելն ուղղակի այլընտրանք չունի»,- ասել էր Վենգերը:
«Միլանի» դեմ խաղում հատկապես Մխիթարյանի հաջող խաղը Վենգերի մոտ փրկության հույսեր է արթնացրել: Ոմանք շտապում են կարծիք հայտնել, որ հայ ֆուտբոլիստը արդեն իսկ գտել է իր տեղը «Արսենալում» և ակտիվացնելով խաղն առջևի գծում կարող է մրցաշրջանի վերջնամասում մասամբ ոտքի կանգնեցնել լոնդոնյան ակումբին: Առաջիկա հանդիպումը թե «Արսենալի» ճգնաժամից դուրս գալու և թե Մխիթարյանի թիմին մերվելու վերաբերյալ որոշակի հստակեցում կտա: Այն որ հայ ֆուտբոլիստը ամրապնդվել է «Արսենալի» հիմնական կազմում կարծում ենք ակնառու է: Փորձագետների կարծիքով ի տարբերություն «Միլանի» հետ խաղի Վենգերն այս անգամ կխաղա 4-3-3 դասավորությամբ: Հիշեցնենք, որ «Միլանի» դեմ Վենգերը պայքարեց 4-3-2-1 սխեմայով:
Ֆրանսիացի մասնագետը այս կերպ ուժեղացրել էր պաշտպանությունը և դաշտի միջին հատվածը: Մարտավարական այս սխեման կարծում ենք արդարացրել էր իրեն: Առաջիկա հանդիպումը վնասվածքի պատճառով բաց կթողնեն եզրային պաշտպաններ Բելերինը, Մոնրեալը, Կոլաշինացը, ինչպես նաև հարձակվող Լակազետը: Սպասվում է, որ Վենգերը վաղը մեկնարկային կազմում չի ընդգրկի մեկ այլ եզրային պաշտպան Չեմբերսին, որը անկայուն խաղը է ցուցադրում: Հիմնական կազմում չի լինի նաև կիսապաշտպան Ուիլշերը որի մոտ հոգնածություն է նկատվում: Ըստ կանխատեսումներին «Ուոտֆորդի» դեմ «Արսենալը» խաղը կսկսի այսպիսի կազմով: Դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Մուստաֆին և Կոսելնին: Աջ եզրում կխաղա Հոլդինգը, իսկ ձախից՝ Մատլենդ-Նիլսը: Որպես հենակետային կիսապաշտպան կգործի Ջական: Կիսապաշտպանության կենտրոնում էլ կլինեն Էլնենին ու Ռեմսին: Մեսութ Օզիլն այս անգամ ելույթ կունենա հարձակման ձախ եզրում, իսկ աջ եզրում կխաղա Հենրիխ Մխիթարյանը: Կենտրոնական հարձակողվի դիրքում հանդես կգա Ուելբեքը:
Խաղային այս դասավորությամբ Վենգերը հնարավորություն կտա երկու 10 համարներին՝ Օզիլին և Մխիթարյանին ազատ տեղաշարժվել և համագործակցել: Ավելի ստույգ «Ուոտֆորդի» դեմ «Արսենալը» կունենա երկու ենթահարձակվող: Բուքմեյքերները այս խաղում ֆավորիտ են համարում «Արսենալին», վերջինի հաղթանակի համար սահմանելով 1․5 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 4․3, իսկ հյուրերի հաղթանակը՝ 6․5 գործակցով: 29-րդ տուրից հետո «Ուոտֆորդը» 9-րդ հորիզոնականում է գտնվում:
«Արսենալ»-«Ուոտֆորդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 16:30: