Вaвo-ն, Aro-ն ու Erik-ը․ սրանք Արգիշտի Ա-ի ժամանակակիցներն են՝ մ․թ․ա․ 8-րդ դար։ Համենայն դեպս, Էրեբունի ամրոցի 28-դարյա որմնանկարների վրա նրանց անուններն են։
Հռոմից (իբր) 20 տարով հին քաղաքում թքած ունեն անգամ միֆերի վրա։ Ոչ մի հսկողություն, ոչ մի կամերա, ոչ մի ոստիկան։
Ամրոցի խցերում շրջող տուրիստը ոչ մի գաղափար չունի, թե ամրոցի որ անկյունը ինչ նշանակություն է ունեցել, ինչի է ծառայել, մարդիկ ոնց են դրանում ապրել։
Էրեբունի թանգարանը մի այլ պատմություն ա։
Իմ տուրիստները բոլոր նմունշները նայեցին, ցուցանակները կարդացին, բան չհասկացան։ Մինչդեռ ընդամենը պետք է պարզ, հնարավորինս մատչելի տեղեկատվություն։
Իմ տուրիստ հյուրը, օրինակ, նայում էր թանգարանի քարտեզներից մեկին ու չէր կողմնորոշվում, թե Ուրարտու պետությունը որտեղ է եղել, որովհետև քարտեզում Կասպից ու Սև ծովերը չկան։ Էդ մենք գիտենք՝ Վանա լիճն ու Սևանը քարտեզի վրա ինչ տեսք ունեն։ Տուրիստը չգիտի։ Ինքը փորձում էր հյուսիսն ու հարավը հասկանալ։ Էլ չեմ խոսում, որ Ուրարտուի ժամանակներում գոյություն չունեցած բաներ կային քարտեզում, օրինակ՝ արհեստական ջրամբարներ (Արփի լիճը)։
Թանգարանի հենց կենտրոնում դրված է խաչ՝ հետևը սեպագիր արձանագրություն։ Տուրիստները փորձում են հասկանալ, թե ինչ կապ ունի մ․թ․ա․8-րդ դարը քրիստոնեության հետ։ Մինչդեռ կարելի է ցուցանակում նշել, որ խաչը նաև նախաքրիստոնեական սիմվոլ էր։ Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու է թանգարանի կենտրոնը բաց տանիքով։
Թանգարանում աուդիովիզուալ կամ առավել ևս՝ 3d որևէ ներկայացում չկա․ ժամանակի շունչը փոխանցում են միայն միջանցքում աշխատանքային օրվա ավարտին սպասող աշխատկցուհիները։
Բնականաբար, թանգարանում չկան խաղասրահներ, որտեղ, ասենք՝ դպրոցականները կգան, կհագնեն Արգիշտիի ու ուրարտացիների հանդերձանքը, խաղեր կխաղան, պատմական ժամանակաշրջանը կբեմադրեն, համակարգչային խաղերով կխաղան։
Տուրիստների մոտ նույն զարմանքն էր Խոր Վիրապում։ Գրիգոր Լուսավորչի մասին ցուցանակները (բացի այն, որ վատ անգլերենով են) ոչ մի կապակցված ինֆորմացիա չեն տալիս Հայաստանից ու նրա պատմությունից անտեղյակ տուրիստին։
Գրիգոր Լուսավորչի 8 մետր խորությամբ վիրապը շատ տպավորիչ է։ Լրիվ զգում ես վաղ քրիստոնեական ժամանակի ու Լուսավորչի հետ կապված ավանդության շունչը։ Բայց հենց վիհի մեջտեղում, երբ աստիճանից թեքվում ես, Լուսավորչի պատկերով մի անճաշակ մեծ ու գունազարդ նկար ա կախված։ Հասկացանք, սրբապատկեր ա, բայց չկա՞ մեկը, որ ասի՝ տղերք, սենց չեն անում։
Վիհում երկու չինացի կային։ Հարցուփորձ արեցի՝ որտեղից են, ինչու են եկել Հայաստան։ Ասեցին, որ զուտ հետաքրքրությունից են եկել։ Վերևում երիտասարդ մի քահանա, որ անգլերեն խոսում էր, չինացիներին կանչեց առանձին տեղ խոսելու։ Հարցնում եմ՝ ուզում եք մկրտել։
– Չէ, ընդամենը ես ծանոթացնում եմ քրիստոնեությանը, մնացածը թող իրենք որոշեն։
Ու սենց տուրիզմ ենք զարգացնում, Հայաստան ենք գովազդում։
Կարևորը՝ Էրեբունի-Երևան տոնակատարության ու լիքը ուրիշ կերուխումների համար միշտ լիքը փող ունենք։
Գրառումն արվել է անցած տարվա սեպտեմբերին: