Ձերբակալվել է Երևան քաղաքի 4-րդ գյուղի Հաղթանակ 6-րդ փողոցի 19 տան բնակիչ, 42-ամյա Լևոն Արեստակեսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարտի 11-ին ներկայացել է Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ երեկ՝ մարտի 10-ին, Վազգեն Սարգսյան փողոցում ինքն է Mercedes G63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել հետիոտնին: Գ.
Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Արեստակեսյանը տեղափոխվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Ֆոտոլրագրողը հայտնում է, նաև, որ Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոմեքենայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հաշվառված է 26-ամյա Ժորա Վարդանյանի անվամբ, ով կաթնամթերքի «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի տղան է և դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան, ավտոմեքենան էլ հաշվառված է Դուստր Մարիաննա ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ իրական վարորդը ներկայացած Լ. Արեստակեսյանը չի եղել: Նա պարզապես իր վրա է վերցնում կատարվածի պատասխանատվությունը: Այդ վարկածը Ոստիկանության և քննչական բաժնի կողմից ճշտվում է: