Լոռու մարզի Ակոռի գյուղի բնակիչ 34-ամյա Կարինե Սուքիասյանը 8 տարվա անպտղությունից հետո փետրվարի 7-ին կեսարյան հատումով եռյակ է ունեցել: Կարինեի առաջնեկները` 3 որդիները անհաս են ծնվել և դեռ գտնվում են «Արմենիա» ԲԿ-ում: NEWS.am-ի հետ զրույցում Կարինեն պատմեց, որ շատ երջանիկ է, որ այդքան տարիներ հետո վերջապես կատարվեց իր երազանքը, սակայն նաև մտահոգ է, քանի որ սոցիալապես անապահով պայմաններում են ապրում, և դեռ ոչինչ չի գնել նորածինների համար:
«Ամուսինս մի քանի տարի առաջ վիրահատվեց, երակների խցանման խնդիր ուներ, հիմա չի կարողանում ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Հիմա ինքը 3-րդ կարգի հաշմանդամ է, սկեսուրս նունյպես, իրենց թոշակով ենք ապրում: Նաև մի փոքր տնամերձ հողատարածք ունենք, բանջարեղեն ենք ամռանը մշակում մեր տան օգտագործման համար»,- պատմեց Կարինեն` նշելով, որ թոշակի ընդհանուր գումարը կազմում է մոտ 60 հազար դրամ:
Կարինեն պատմեց, որ մեկ ամսից ավելի իրենք գտնվում են «Արմենիա» Բկ-ի ծննդատանը և կմնան այնքան, մինչև երեխաների քաշը հասնի 1կգ 800 գրամի:
ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ Կարինեն 8 տարի տառապել է չբերությամբ, բուժվել է իրենց կենտրոնում և քանի որ սոցիալապես անապահով պայմաններում է ապրում դիմել է «Արագիլ» հիմնադրամ և հիմնադրամի օժանդակությամբ եռյակ է ունեցել:
«Կարինեին մենք հսկողության տակ ենք պահել հունվար ամսից և մինչև հիմա երեխաների հետ մեր կենտրոնում են գտնվում, մինչև նորածինների վիճակը կարգավորվի»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Կարինեին եռյակին անհրաժեշտ են տակդիրներ, կաթնախառնուրդ, խնամքի պարագաներ: Նրան օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 077125261: