«Օսկար 2018» մրցանակաբաշխությանը հայտնի երգչուհի, դերասանուհի, մոդել Վիկտորիա Սամըրը կրում էր հայազգի դիզայներ Մարիա Գրիգորյանի ձևավորած զգեստը: Դիզայների հիմնադրած հայտնի La Bottega Mellardi բրենդը գոյություն ունի 2017 թվականից:
Նախկինում դերասանուհի Վիկտորիա Սամըրը համագործակցել է հռչակավոր «Max Mara» բրենդի հետ, իսկ Մարիայի և Վիկտորիայի առաջին համագործակցությունը սկսվում է, երբ Վիկտորիան չի կարողանում գտնել իր պատկերացրած զգեստը «Max Mara»-ում: «Նրան տալիս են իմ ինստագրամյան էջը`ասելով մի գուցե ինձ մոտ գտնի: Նա հավանում է իմ զգեստները և կապ հաստատեց ինձ հետ»,-«Արմենպրես լայֆ»-ին պատմել է Մարիա Գրիգորյանը:
Մինչ «Օսկար»-ը Վիկտորիան ևս երկու «Mellardi» զգեստ է կրել, որոնցից մեկը «Family Film Awards»-ի ժամանակ: «Օսկար» մրցանակաբաշխության զգեստի համար կրկին դիմում է Մարիա Գրիգորյանին:
«Նա ինձ հարցրեց՝ արդյո՞ք ունեմ զգեստ, որը ոչ ոք չի տեսել, պատասխանեցի, որ չունեմ, բայց կունենամ: Նա ցանկանում էր արքայադստեր տեսք ունենալ: Շատ դիզայներներ են առաջարկել նրան զգեստներ և նա ուներ մեծ ընտրություն, բայց ընտրեց իմ մոդելավորած զգեստները: Երբ այն կրեց ասաց`«սա այն էր, ինչ ուզում էի»: Զգեստն ամբողջովին ձեռքի աշխատանք է: Կորսետն ասեղնագործված է, արված է ֆլորենտինյան ոճով և նրա վրա ծախսվել է շուրջ 300 ժամ»:
Վիկտորիան իր ինստագրամյան էջում գրում է, թե որքան հաճելի է կրել «Mellardi»-ի զգեստը:
Հայ մոդելավորողը պատմում է, որ զգեստը «Mellardi» բրենդի կողմից նվիրել են Վիկտորիա Սամըրին: «Նա այնքան է հավանել «Mellardi» նորաձևության տունը, որ պատրաստվում է համագործակցել մեզ հետ և կրել մեր էքսկլյուզիվ զգեստները: Նա աշխատում է շատ դիզայներների հետ, բայց ընտրեց մերը»,-ասում է Մարիա Գրիգորյանը:
Վիկտորիայի դիմահարդարմամբ զբաղվում է Գոհար Գալստյանը: Մարիայի խոսքով միայն նա իրավունք ունի շպարել նրան:
Մարիա Գրիգորյանի կարիերայում մեծ դեր են ունեցել քույրն ու եղբայրը, ում անվան հապավումներով էլ ձևավորվել է բրենդի անվանումը: «Մել` իմ քույրն է, Արտ`եղբայրս, իսկ վերջավորությունն իտալական է: Քույրիկս և եղբայրս իրավաբաններ են, և ես փորձում էի գնալ իրենց ճանապարհով: Բայց նրանք ինձ ստիպեցին թողնել ամեն ինչ ու գնալ արվեստի ճանապարհով: