Հայաստանի քաղաքացիների միայն 10%-ն է կարծում, որ երկիրը քաղաքական ճիշտ ուղղությամբ է ընթանում: Նման եզրակացության են եկել Հայաստանում հարցում իրականացրած միջազգային կառույցները։
Հայաստանցիների 51%-ը կարծում է, որ Հայաստանը սխալ քաղաքական ուղի է բռնել, և միայն 10%-ն է համոզված, որ Հայաստանի բռնած ուղին ճիշտ է։
Նման եզրակացության են հանգել Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) մասնագետները` հիմնվելով 2011-2017 թվականներին իրենց կողմից հրապարակած «Կովկասյան բարոմետր» զեկույցների շարքի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Life in Transition Survey (LiTS) իրականացրած հարցախույզի տվյալների վրա։
Նույն հետազոտության համաձայն` ՀՀ քաղաքացիների 39%-ը կարծում է, որ քաղաքական ուժերը ոչ մի փոփոխություն չեն իրականացնում երկրում, քաղաքական ընդդիմությանը վստահում է 15%-ը:
9%-ը կարծում, որ երկրում իրականացվում են ազատ և թափանցիկ ընտրություններ, 35%-ը համոզված է, որ ՀՀ-ում կա խոսքի ազատություն, 28%-ը` որ մամուլն ազատ է:
Հայաստանում օրենքի գերակայությանը հավատում է հայաստանցիների ընդամենը 20%-ը, արդարադատությանը`15%-ը։
Հարցվածների միայն 40%-ն է կարծում, որ Հայաստանում կա գենդերային հավասարություն, խաղաղություն ու կայունություն: