74-ամյա տարեց կնոջը վրաերթի ենթարկած դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան՝ Ժորա Վարդանյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների միջոցառումների արդյունքում պարզվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդի ինքնությունը, ով 1992 թ. ծնված երիտասարդ է, ով այսօր ներկայացել է եւ ձերբակալվել։ Իսկ ավելի վաղ՝ մարտի 10-ին ներկայացած եւ վրաերթի պատասխանատվությունն ստանձնած անձն ազատվել արգելանքից, քանի որ պարզվել է, որ նա առնչություն չունի միջադեպին»,- ասացին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել էր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:
Առաջին իսկ օրվանից շրջանառվում էր, որ մեքենայի ղեկին գտնվել է 1992 թ. ծնված Ժորա Վարդանյանը, ով դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է, ով նաեւ «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին է։
11.03.2018թ.՝ ժամը 01:00-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին էր ներկայացել մի քաղաքացի և հայտնել, թե վրաերթը կատարել է ինքը: Նույն օրը վերջինս ձերբակալվել է, սակայն Քննչական կոմիտեն հայտնել էր, որ այդ քաղաքացու հայտնած տվյալներն ստուգվում են եւ քննություն է տարվում օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ այսօր ձերբակալվեց իրական վարորդը, իսկ մյուս քաղաքացին ազատ արձակվեց։