Նա դեմ է, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքները բարեգործական հիմունքներով բարձր որակի սնունդ ստանան
Երեկ՝ մարտի 13-ին, վաղ առավոտվանից SHAMSHYAN.com-ը մի քանի ահազանգեր էր ստանում Նուբարաշեն վարչական շրջանից, և ահազանգողները հայտնում էին, որ Նուբարաշեն 11-րդ փողոցի 12 շենքի բակում լարված իրավիճակ է ստեղծվել։
SHAMSHYAN.com-ի թղթակիցը, մեկնելով նշված հասցե, ականատես եղավ մի իրավիճակի, որը չէիր անվանի այնքան էլ լարված ու պայթյունավտանգ։ Շենքի բնակիչներից մի քանի հոգի բողոքում էին, որ թաղապետարանը շենքի դիմաց մինչև օրս հանդիսությունների սրահ ծառայող շինությունը քանդի և փոխարենը կառուցի խաղահրապարակ և հանգստյան գոտի։
Նրանք SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Դիմել ենք վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանին, որպեսզի շինությունը քանդվի, սակայն պարզվել է, որ այդ տարածքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, և վարչական շրջանը ոչ մի լիազորություններ չունի այն քանդելու, սեփականաշնորհելու համար»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շինությունը Երևանի քաղաքապետարանը պետք է կապիտալ վերանորոգի և այնտեղ Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող սոցալապես անապահով ընտանիքների համար բարեգործական հիմունքներով՝ անվճար, օրը 1 անգամ տրամադրվելու է սնունդ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում էլ մեծ թվով նուբարաշենցիներ ասում էին. «Սա այն դեպքն է, որ պետք է ողջունենք Երևանի քաղաքապետարանի ու Նուբարաշեն վարչական շրջանի պատասխանատուների քայլը։ Գաղտնիք չէ, որ Նուբարաշենում էլ կան բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքներ, ովքեր նույնիսկ 100 դրամ չունեն, որ հաց գնեն։ Ու հիմա մարդիկ բարեգործներ են ճարել, որոնց շնորհիվ օրը 1 անգամ գոնե այդ մարդիկ բարձր որակի տաք սնունդ են ստանալու, ու հիմա մի Գոհար փորձում է դիվիդենդներ շահելով՝ այս բարի գործը խափանի։ Հետաքրքիր է, երբ այդ նույն շինությունում վիճաբանություններ էին լինում, ինչո՞ւ չէր բարձրաձայնում, ու հիմա փորձում է լավ գործը սևացնել»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կողմից համատեղ իրականացվող այս ծրագրի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչներից Գոհար Կարապետյանը ժամանակին եղել է ինչ-որ քրեական գործով հետախուզման մեջ և նրա վերաբերյալ հարուցված քրեական գործը քննվում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։
Իսկ Գ. Կարապետյանի մասին էլ նուբարաշենցիները նշում էին. «Նա հայտնի է որպես բողոքական, ու եթե լավ բան էլ անեն, միևնույն է, նա դրա մեջ վատն է տեսնում»։ Ու, իզուր չէ, որ նուբարաշենցիները կես-կատակ կես-լուրջ ասում էին. «Գոհարը, եթե փող է գտնում, թղթի հետ փոխում է, որպեսզի գրելու թեմա ունենա»։
Ամբողջությամբ՝ shamshyan.com