ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևանում կատարված առանձնապես խոշոր չափերի՝ 34 հազար ԱՄՆ դոլարի գողությունը. գողոնը հայտնաբերվել է, իսկ որպես կասկածյալ ներգրավվել է բնակչուհու քրոջ փեսան, ով ՀՀ ԱԻՆ-ի աշխատակից է` թիվ 2 փրկարարական ջոկատի ավագ հրշեջ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
2018թ. մարտի 14-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Երևանի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր տնից գողացել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 34.000 ԱՄՆ դոլար և 65.000 ՀՀ դրամ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն. տան մուտքի դռան և ճաղավանդակներով պատուհաններին վնասվածքի հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տունն ամբողջովին եղել է տակնուվրա արված:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 1.1 կետի հատկանիշներով, մշակվել է քննչական պլան։
Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է և փաստական տվյալներ ձեռք բերվել, որ կատարված գողությանն անմիջական մասնակցություն է ունեցել տուժողի քրոջ փեսան՝ ծնված 1987թ.:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակչուհին դեպքի օրն իր բարեկամների՝ այդ թվում նաև քրոջ փեսայի հետ վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գնացել է գերեզմանատուն՝ հարազատի շիրիմին, ապա այցելել մեկ այլ ազգականի տուն, որտեղ գտնվել են շուրջ երկու ժամ։ Փեսան տաքսի վարելու պատրվակով այդ ընթացքում բացակայել է տնից. քրեական գործի տվյալներով՝ տղամարդը նախապես իմացել է, որ իր կնոջ մորաքրոջ տանը գումար կա, իսկ տան դուռն էլ բաց է մնացել:
30-ամյա տղամարդը ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ։ Գողոնն ամբողջովին հայտնաբերվել է:
Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Կատարվում է նախաքննություն: Հաշվի առնելով, որ հանցագործության կատարման մեջ կասկածվողը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ է, ուստի՝ քրեական գործը քննչական ենթակայության կարգով կուղարկվի դատախազություն՝ ՀՔԾ վարույթ փոխանցելու հարցը լուծելու համար։