Պարզվում է՝ 14-ամյա ստեղծագործող Անի Գևորգյանը սովորում է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում: Նա 2015 թ. ամռանն աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգին է նվիրել Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ծովաշուշաններով պատրաստված նրա դիմանկարը:
«artsakhpress.am»-ի թղթակցի հետ զրույցում Անի Գևորգյանը պատմել է, որ Հոքինգի հանդեպ իր հետաքրքրությունը առաջացել է այն ժամանակ, երբ իմացել է, որ սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդը դարձել է աշխարհահռչակ գիտնական:
«Դա ինձ շատ է ոգևորել և երբ 2015թ.-ին տեղեկացա, որ Արցախում է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով անձամբ կապ ուներ Հոքինգի հետ, խնդրեցի նրան իմ ձեռքով պատրաստած դիմանկարը փոխանցել մեծ գիտնականին: Հետո տեղեկացա, որ մի քանի ամիս անց դիմանկարը հասել է հասցեատիրոջը, ով շատ էր հավանել իմ աշխատանքը»,- նշել է Ա. Գևորգյանը: