Երգչուհի Իվետա Մուկուչյանն այս շրջանում նախաձեռնել է մի շարք աշխատանքներ: Երգչուհին այսօր՝ մարտի 15-ին, Դուբայի Moe’s on the 5th ռեստորանում հանդես կգա մենահամերգով: Նա իր ունկնդիրներին կներկայանա կենդանի հնչողությամբ՝ բազմաժանր երգերով: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է երգչուհու մենեջեր Դիանա Կիրակոսյանը: Վերջինիս խոսքով՝ բացի համերգային ծրագրից Իվետան նոր նախագծի վրա է աշխատում:
«Վերջերս Իվետան Հարավային Աֆրիկայում նոր նախագիծ է իրականացրել: Դեռևս չեմ ցանկանում շատ փակագծեր բացել: Այդ նախագիծն ամբողջությամբ այս տարի կներկայացնենք»,- ասաց Դիանան:
Հարցին՝ ինչո՞ւ հենց Հարավային Աֆրիկայում որոշվեց իրականացնել նախագիծը, մենեջերը պատասխանեց. «Շատ հետաքրքիր մտքեր կային նախագծի սցենարի հետ կապված: Հարավային Աֆրիկայում շատ գեղեցիկ վայրեր կան, որոնք համապատասխանում էին մեր պատկերացումներին»:
Հայաստանում երգչուհին նույնպես պատրաստվում է մի քանի նախագծերի մասնակցել: Դիանա Կիրակոսյանը նշեց, որ Իվետան նախատեսել է մեծ մենահամերգ կազմակերպել, թե երբ այն կկայանա և որտեղ, դեռ հստակեցված չէ: