ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հաջորդ շաբաթ Համացանցում ճնշումների, հալածանքի և ծաղրանքների դեմ պայքարի մեթոդները կքննարկի Միացյալ Նահանգների այնպիսի ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Amazon-ը, Facebook-ը, Microsoft-ը, Google-ը, Twitter-ը և Snap-ը:
Այս մասին ասված է մարտի 14-ին The Washington Post (WP) թերթում հրապարակված հոդվածում՝ Սպիտակ տան աղբյուրների վկայակոչմամբ: Մարտի 20-ին Վաշինգտոնում նախագահի պաշտոնական նստավայրում կայանալիք հանդիպումը կդառնա առաջին քայլը Համացանցում հալածանքների դեմ պայքարի՝ նախկին մոդելի կողմից ավելի վաղ հայտարարված արշավում: Կոնսուլտացիաների ժամանակ նախագահի կինը պլանավորում է դիմել ընկերությունների ներկայացուցիչներին և խնդրել մանրամասնորեն պատմել, թե նրանք ինչպես են մտադիր լուծել Համացանցում այսպես կոչված ինտերնետ-տրոլների թվի աճը և վնասաբեր կոնտենտի տարածումը կանխելու խնդիրները:
Վերջին ամիսներին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը և Twittert-ը, խիստ քննադատության են ենթարկվել իրենց պլատֆորմներում ատելության, հալածանքի դրսևորման, դավադրության տեսությունների և նման բաների տարածման դեպքերի քանակի աճի պատճառով: Հանրապետական նախագահի կինն առաջին անգամ Համացանցում հալածանքների դեմ պայքարելու մտադրության մասին հայտարարել է 2016 թվականի նոյեմբերին՝ նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ, որտեղ հաղթեց նրա ամուսինը: Այն ժամանակ նա նշել է, որ ամերիկյան «մշակույթը չափազանից ցածր և չափազանց կոպիտ է դարձել, առանձնապես երեխաների և դեռահասների համար»:
Սակայն նախագահի պաշտոնակալությունից հետո Մելանյա Թրամփը հազվադեպ էր վերադառնում այս թեմային: Pew Research Center կենտրոնի անցյալ տարվա սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ ամերիկացիների 41 տոկոսը Համացանցում տարատեսակ հալածանքների զոհ է դարձել, այդ թվում՝ իրենց սեռի, էթնիկ պատկանելության կամ արտաքինի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: