Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Արո գյուղում այսօր գտել են տեղի 43-ամյա բնակչի` Հայաստանի քաղաքացու դին։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի Լենինգրադի մարզի մամուլի ծառայությունը, մարդասպանը մասնատել է զոհի մարմինը։
Սպանության մեջ կասկածում են զոհի եղբորը` Հայաստանի 46-ամյա քաղաքացուն, որը մարտի սկզբին է գնացել Ռուսաստան։ Նախաքննությունը պարզել է, որ մարտի 15-ին երկու եղբայրը տանը վերանորոգում են կատարել, բայց ինչ-որ պահի նրանք վիճել են, որի ընթացքում ավագ եղբայրը դանակով մի քանի անգամ հարվածել է կրտսեր եղբորը։
«Սպանությունը թաքցնելու նպատակով չարագործը մասնատել է եղբոր մարմնի որոշ մասերը», — ասվում է հաղորդագրությունում։
Զոհի և կասկածյալի անունները չեն նշվում։
Հայաստանցին ձերբակալված է, նրան մեղադրանք են առաջադրել սպանության մեջ, որոշվում է նրա նկատմամբ խափանման միջոց որոշելու հարցը։