Մի քանի տարվա դադարից հետո ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ հաղորդավար Ավետ Բարսեղյանը «Գոյ» թատրոնում «Իմ լռություն» խորագրով երեկոյի ընթացքում կրկին իր հանդիսատեսին բացահայտեց այն հույզերն ու մտքերը, որոնք տարիների ընթացքում կուտակվել և վերածվել են բանաստեղծությունների: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում Ավետ Բարսեղյանը նշեց, որ, ինչպես ամեն անգամ, «Գոյ» թատրոնում իր սիրտը տրոփում է, ինչպես առաջին անգամ:
«Այսօր շատերը կտեսնեն, թե որքան խոցելի, անպաշտպան և ոչ մեծամիտ մարդ եմ ես: Դա է գաղտնիքը: Տպավորությունն այն է, որ ինձ ոչինչ չի կարող խոցել, բայց ամեն մի սովորական բանից, սկսած հայացքից, խոսքից խոցվում եմ, ինչպես բոլոր մարդիկ: Այս անգամ էլ «Լռություն» խորագրով եմ ներկայանում, քանի որ լռության մեջ ավելի շատ եմ խոսք գտնում, քան խոսքերի հոսքի մեջ՝ իմաստ: Իսկ լռությունը այն խոռոչն է, որը բերում է շատ իմաստ»,- ասաց Ավետը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, երեկոյի ընթացքում հաղորդավարն ընթերցեց իր ինչպես նոր, այնպես էլ հին ստեղծագործություններից: «Ստեղծագործական երեկոյի ընթացքում բացահայտելու ենք այն գաղտնի աշխարհը, որը ես ունեմ: Իմ ռուսերեն և հայերեն ստեղծագործություններում դահլիճում մերկանալու եմ մտքերով, հոգով ու հասկանալու, թե ինչ է կուտակվել: Միշտ ասել եմ, որ ի տարբերություն այլ աշխատանքային գործունեության, այս երեկոն ինձ համար է: Այս ձևաչափն առաջին հերթին ինձ համար է կարևոր, որ լռության մեջ գտնեմ ինձ: Ես խոսքաշատ ոլորտում եմ աշխատում և ինքս էլ շատ խոսքաշատ եմ, դրա համար լռությունը առաջին հերթին ինձ է պետք»,- ավելացրեց Ավետը: