Անգլերեն լեզու մենք սովորում ենք մեր ողջ կյանքում, բայց միևնույն է, հաճախ օտարերկրացուն չենք կարողանում գրագետ պատասխանել, կամ տանջվում ենք այս կամ այն բառը հիշելու համար: Գերմանացի հոգեբան Գերման Էբբինհաուզն առաջարկում է հիշելու ունիվերսալ բանաձև:
Ինչո՞ւ ենք մենք 1 ժամից մոռանում ստացած 100% ինֆորմացիայի 44%-ը: Ուղեղը մեզ պաշտպանում է գերծանրաբեռնվածությունից և շարունակ ազատվում է ոչ պիտանի ինֆորմացիայից: Հենց այդ պատճառով էլ բոլոր նոր բառերը, որ մենք սովորում ենք, սկզբում ընկնում են ոչ թե երկարաժամկետ, այլ կարճաժամկետ հիշողության մեջ: Եթե դրանք չես կրկնում ու չես օգտագործում, արագ մոռացվում են:
Էբբինհաուզի «մոռացման կորը» ցույց է տալիս, որ սովորելուց արդեն մեկ ժամ անց մենք մոռանում ենք ինֆորմացիայի կեսից ավելին, իսկ մի շաբաթ անց հիշում սոսկ 20%-ը:
Ինչպե՞ս հիշել ամբողջը: Արագ հիշելու համար 1-ին անգամ սովորածը պետք է կրկնել անմիջապես սովորելուց հետո, 2-րդ անգամ՝ 15-20 րոպե հետո, 3-րդ անգամ՝ 6-8 ժամ հետո, իսկ 4-րդ անգամ՝ 24 ժամ հետո: Երկար ժամանակով հիշելու համար սովորածը 1-ին անգամ պետք է կրկնել անմիջապես, 2-րդ անգամ՝ 20-30 րոպե հետո, 3-րդ անգամ՝ 1 օր հետո, 4-րդ անգամ՝ 2-3 շաբաթ հետո, իսկ 5-րդ անգամ՝ 2-3 ամիս անց: Որպեսզի նոր բառերը գլխից չթռչեն, պետք է աշխատել դրանք տեղակայել երկարաժամկետ հիշողության մեջ: Անգիր անելն այս պարագայում արդյունավետ չէ, քանի որ ուղեղը չի հասցնում արագ իմաստավորել ինֆորմացիան և ամուր ասոցիատիվ կապեր գտնել: Երկար հիշելու համար այդ գործընթացն ավելի լավ է ձգել մի քանի օր և անգամ շաբաթ: Ընդ որում, այդ ընթացքում պարտադիր չէ անընդհատ կրկնել այդ բառերը:
Ձեր դատին ենք ներկայացնում նոր բառեր հիշելու ևս 12 գաղտնիք…
- Սովորեք գիտակցված, քանի որ իմաստավորված նյութը 9 անգամ ավելի հեշտ է հիշվում:
- Գրեք այն բառերի ցանկը, որը պետք է զրույցի բռնվելու համար: Սովորաբար դրանք շուրջ 300-400 բառեր են: Հիշեք դրանք առաջին հերթին:
- Նկատի ունեցեք, որ ամենալավը հիշվում են ցուցակի սկզբում և վերջում եղած բառերը:
- Ձեր ուշադրությունը մի թեմայից մյուսին բևեռեք: Իմացեք, որ նման հիշողությունները խառնվում են և վերածվում շիլաշփոթի:
- Սովորեք հակադիր բառեր: Օրինակ, եթե սովորում եք day-ը, ապա սովորեք նաև night-ը: Հականիշներն ավելի արագ ու հեշտ են հիշվում:
- Սովորելիք բառերն իմաստային առումով կապեք որևէ կոնկրետ վայրի հետ: Օրինակ, սենյակում քայլելիս նոր բառերը ասոցիացրեք ինտերիերի առանձին դետալների հետ: Մի քանի անգամ կրկնեք ու լքեք տարածքը: Հաջորդիվ ձեր հիշողության մեջ վերականգնեք սենյակի տեսքը, և դրա հետ միասին, որպես հուշումներ, սովորած բառերը:
- Օգտագործեք մեխ բառերի հնարքը: Մեթոդի էությունը սովորելիք բառերն արդեն սովորածների հետ կապելն է: Այսպես, եթե դուք մտածում եք այդ մեխ բառի մասին, ինքնաբերաբար կարող եք հիշել նաև մյուս բառը:
- Նոր բառերն ասոցիացրեք ձեզ արդեն հայտնիների հետ: Օրինակ heel – գարշապար բառը կարելի է սովորել՝ հիշելով Աքիլեսին և նրա աքիլեսյան գարշապարը:
- Պատմություններ հորինեք: Եթե ձեզ անհրաժեշտ է բառերը հիշել որոշակի կարգով, փորձեք դրանցով նույն հերթականությամբ պատմություն հորինել: Կարևոր է, որ բոլոր բառերը սյուժեով միմյանց հետ կապված լինեն:
- Ձայնագրիչից օգտվեք: Բառերն արտաբերելիս ձայնագրեք, ապա լսեք ձայնագրվածը մի քանի անգամ: Այս մեթոդը հատկապես հարմար է նրանց համար, ովքեր լավ զարգացած լսողական հիշողություն ունեն:
- Կենդանացրեք և տեսողական պատկերներ տվեք հիշվելիք նյութին: Օգտագործեք դիմախաղը, երբ սովորում եք էմոցիաներ արտահայտող բառեր, շարժվեք, երբ սպորտային թեմատիկային վերաբերող բառեր պետք է հիշեք: Այսպիսով դուք գործի կդնեք նաև մկանային հիշողությունը:
- Լեզուն մի սովորեք բառարանով և դպրոցական դասագրքերով: Եթե սիրում եք, ասենք, «Գահերի խաղը» սերիալը, փորձեք բառեր սովորել՝ ըստ այդ սերիալի, այսինքն՝ բառեր, որոնք գործածվում են դրա մեջ: Այդպես ավելի հետաքրքիր է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը