Երգչուհի Էմմին ԱՄՆ-ում մարտի 16-ին նշել է որդու՝ Մարտինի 1-ամյակը: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը հայտնել է, որ Էմմին փոքր խնջույք էր կազմակերպել մտերիմների շրջանում:
«Մարտինի ծննդյան խնջույքին ներկա էին մի շարք փոքրիկ երեխաներ իրենց մայրերի հետ: Իսկական մանկական ծնունդ էր: Շատ կցանկանայի այդ պահին նրանց կողքին լինել, բայց այստեղից հետեւել եմ խնջույքին ու տորթով, մոմերով շնորհավորել»,- ասաց արտիստը:
Նադեժդա Սարգսյանը խոստովանեց, որ տխուր է, երբ իր թոռներից հեռու է: «Փառք Աստծո, որ այսօր տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ ամեն պահի կարող ենք կապի մեջ լինել և տեսնել նրանց: Չնայած՝ չեմ կարող գրկել ու համբուրել»,- հավելեց նա՝ շնորհավորելով իր թոռնիկին. «Թոռնիկիս մաղթում եմ առողջություն, երջանկություն: Միշտ այդպես ժպտերես լինի ու իր տատիկներին եւ պապիկներին ուրախություն պատճառի»: