Լոգարան, պահպանակներ, ներարկիչներ և կոնքաման՝ Ազատի կիրճի և «Չարենցի» կամարի տարածքում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լոգարան, պահպանակներ, ներարկիչներ և կոնքաման՝ Ազատի կիրճի և «Չարենցի» կամարի տարածքում

2018 թ., մարտի 17-ին «ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ» նախաձեռնել է «Զբոսաշրջային շաբաթօրյակ» նախագծի առաջին փուլը:

Այս փուլի համար ընտրվել էր «Չարենցի» կամար հուշարձանի հարակից տարածքն ու Ազատի կիրճի «Քարերի սիմֆոնիա» – Գառնու տաճար քայլարշավային երթուղին:

«Մենք, իհարկե, գիտեինք, թե որքան աղտոտված է տարածքը, բայց իրական պատկերացում չունեինք՝ սպասվող աշխատանքների ծավալների մասին:

Այն, ինչ մենք տեղում՝ աշխատանքների ընթացքում պարզեցինք, շոկային էր, ցավալի… Տարիների, կարելի է ասել՝ դարերի անփութության, անուշադրության ու փնթիության արդյունքում այնքան աղբ է կուտակվել, որ 49 հոգով առավոտյան 09:00 մինչև 17:00 հավաքելով 3 բեռնատար աղբ, միևնույն է՝ չկարողացանք հասնել 100% արդյունքի:

Մենք հույս ունեինք, որ գյուղացիներն էլ կմիանային աշխատանքներին, սակայն, ցավոք, նրանք իրենց բակերում նարդի էին խաղում՝ մինչ մենք իրենց դռան դեմի աղբն էինք հավաքում: Անգամ ոմանք մեզ նախատեցին՝ ասելով, որ իրենց տարածքներ չմտնենք կիրճում: Նկատի ունեին՝ հանգստի գոտիները, որոնցից մեկը կտեսնեք տեսանյութում:

Ի դեպ կիրճում աղբի հիմնական կուտակումները հենց այդ «վայ» հանգստի գոտիների տարածքներում էին: Դրանց մենք դեռ կանդրադառնանք՝ առանձին հոդվածով:

Միակ գառնեցին, ով սկզբից մինչև վերջ մեզ հետ էր, Narek Rostomyan էր, երիտասարդ, որը փորձում էր համագյուղացիների փոխարեն էլ աշխատել: Կեցցե՛ս, եղբա՛յր:

Իսկ այժմ ներկայացնում ենք մեր տեսանյութ-հաշվետվությունը: Խնդրում ենք սրտից թույլ մարդկանց՝ հեռանալ էկրաններից»: