Լիդիան Արմենիան» ներկայացնում է Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման մասին փոքր վավերագրական ֆիլմ: 20 րոպե տևողությամբ ֆիլմը նպատակ ունի պատասխանելու հաճախ տրվող հարցերին այն մասին, թե ինչպես է Ամուլսարի ծրագրում իրականացվելու շրջակա միջավայրի պաշտպանությունը: Մինչ հանքարդյունաբերական ենթակառուցվածքները այս պահին կառուցվում են, ֆիլմում, առանց տեխնիկական մանրամասների ներկայացված է, թե ինչպես են դրանք գործելու հանքի շահագործման ընթացքում: Այս մասին տեղեկացրին «Լիդիան Արմենիա» ընկերությունից:
«Ամուլսարի ծրագիրը նախագծվել է միջազգային առաջատար ինժեներական ընկերությունների կողմից: Նախատեսված աղտոտման կանխարգելման և բնապահպանական համապարփակ կառավարման միջոցառումները կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում՝ ժամանակակից հանքարդյունաբերական ծրագրերում: Այս տեխնոլոգիաները տալիս են հանքերի անվտանգ շահագործման և շրջակա միջավայրի բազմակողմ պաշտպանության հնարավորություն: Ամուլսարի ծրագրի բոլոր բարդ տեխնոլոգիական գործընթացները և բնապահպանական կառավարման բոլոր միջոցառումներն ամբողջությամբ հնարավոր չէ ներկայացնել 20 րոպե տևողությամբ ֆիլմում: Մեր նպատակն էր հանրամատչելի նկարագրել տեխնոլոգիական գործընթացի որոշ կարևոր մանրամասներ, ինչպես նաև ներկայացնել շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիայի» բնապահպանական թիմի ամենօրյա աշխատանքի մի մասը: Հույս ունենք, որ սա կլինի ևս մեկ քայլ շահագրգիռ բոլոր կողմերին ցուցադրելու, որ Ամուլսարի ծրագիրը լինելու է Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության առաջատար օրինակը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: