Ռետինե լարաններ և համազգեստավոր անվտանգության աշխատակիցներ. Ինչպես են հիվանդներին զսպում հոգեբուժարաններում
Advertisement 1000 x 90

Ռետինե լարաններ և համազգեստավոր անվտանգության աշխատակիցներ. Ինչպես են հիվանդներին զսպում հոգեբուժարաններում

Հայաստանի հոգեբուժական կլինիկաներում օգտագործվում են օրենքով չսահմանված հարկադրանքի միջոցներ, որոնք հոգեբուժության մեջ անվանում են զսպման միջոցներ: Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցը:

Նրա խոսքով՝ օրենքով նախատեսված են զսպման հետևյալ միջոցները՝ ֆիզիկական զսպում, դեղորայքային հանգստացում և մեկուսացում: Հայաստանի հոգեբուժական հաստատություններում օգտագործվում են մեխանիկական միջոցներ, և դրանց ցանկը նույնպես հաստատված է նախարարի հրամանով:

«Մեր մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ տարբեր հոգեբուժական հաստատություններում միջոցներ են օգտագործում, որոնք նախատեսված չեն տվյալ հրամանով: Օրինակ՝ «Նուբարաշենում» օգտագործվում են ռետինե լարաններ, այնտեղ և Վարդենիսի կլինիկայում օգտագործում են սավաններից պատրաստած պարաններ, գործվածքից գոտիներ: Դրանք բոլորը այս հրամանով հաստատված չեն: Հնարավոր է՝ պրակտիկայում դրանք ավելի արդյունավետ են, բայց իրավական հիմք չունեն, և կարող են որոշ դեպքերում վտանգի ենթարկել հիվանդի առողջությունը»,- ասաց օմբուդսմենը՝ հավելելով, որ ապօրինի միջոցների օգտագործումը պատասխանատվություն է նախատեսում:

Արման Թաթոյանը նաև հայտնեց, որ շատ հաստատություններում ֆիզիկական զսպման առանձին սենյակներ չկան, սա կատարվում է հիվանդասենյակներում՝ մյուս հիվանդների աչքերի առաջ, և այս միջամտությանը հաճախ մասնակցում են անվտանգության ծառայության աշխատակիցները: Օրինակ՝ «Ավան» կլինիկայում անվտանգության ծառայության աշխատակիցները բաժանմունքներում են և համազգեստով են, ինչը հակասում է միջազգային պրակտիկային, և սա պետք է դադարեցնել: Անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատաքը պետք է կազմակերպվի բաժանմունքից դուրս:

Օմբուդսմենի խոսքով՝ առողջապահության նախարարի 2 հրամանով զսպման մեթոդներ կիրառելու դեպքում պետք է լրացվեն հատուկ մատյանները, սակայն շատ բուժհաստատություններում դրանք ինչպես հարկն է չեն լրացվում, դրանցում կնիք չկա, գրառումներ կան մատիտով և այլն:

Նա հավելեց, որ մոնիթորինգի ընթացքում իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում են եղել նաև բուժանձնակազմի աշխատանքային ժամերի և նրանց պաշտպանվածության, սոցիալական երաշխիքների հարցերը: Պարզվել է, որ մեծ թվով բուժհաստատություններում կադրերի պակաս կա: Երևանի սահմաններից դուրս գտնվող հոգեբուժական կլինիկաներում հոգեբույժների գիշերային հերթապահություն չկա, իսկ հերթապահող միջին բուժանձնակազմի թիվն անբավարար է: Անձնակազմի թիվն անբավարար է մեծ մասամբ այն բաժանմունքներում, որտեղ պահվում են խնամքի կարիք ունեցող մարդիկ: «Դեպքեր են գրանցվել, երբ կանանց բաժանմունքում հերթապահել են տղամարդ սանիտարներ, ինչն անթույլատրելի է կանաց արժանապատվության նվաստացման տեսակետից: Այլ դեպքերում տղամարդկանց ոչ բոլոր բաժանմունքներում կան տղամարդ սանիտարներ, ինչը ևս դժվարություններ է ստեղծում»,- ասաց նա:

Օմբուդսմենի կարծիքով՝ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ամբողջությամբ գնահատել հոգեբուժական կլինիկաների կարիքները, որոշել, թե որքան հաստիք է հասնում, մարզային կլինիկաներում անհրաժեշտ է հոգեբույժների հերթապահություն սահմանել: Անհրաժեշտ է նաև վերանայել բուժանձնակազմի վերապատրաստման ծրագրերը, հատկապես զսպման միջոցների կիրառման մասով:

med.news.am