«Վիտամին» ակումբի անդամ, դերասան Արմուշն արդեն երկու տարի է իր ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում: Օրեր առաջ՝ մարտի 18-ին հումորիստն այնտեղ տոնել է 41-ամյակը: «Արմենպրես լայֆի»-ի հետ զրույցում Արմուշը պատմել է տարեդարձի անակնկալների և ամերիկյան կյանքի մասին:
«Այս տարի ծննդյանս օրը լի էր անակնկալներով: Մարտի 17-ի գիշերն աշխատավայրում էի: Որոշել էի մի փոքր շուտ դուրս գալ և գնալ տուն: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ուզում էի մեր ընտանեկան ավանդույթը շարունակել և կնոջս հետ տանը տարեդարձս նշել: Բայց գործընկերներս ինձ ասացին, որ ինչ-որ մեկի ծնունդն է և հաճախորդներից մեկը ուզում է, որ կեսգիշերն անց շնորհավորական խոսք ասեմ: Իհարկե, սկզբում չհամաձայնեցի, բայց նրանք համոզեցին ու ասացին, որ բավականին մեծ գումար են տալու, բացի այդ Միստր X-ն էլ իր հերթին էր ասել, որ սպասեմ, քանի որ ինչ-որ մեկը պետք է ինձ հետ հանդիպի: Մտածում էի, աշխատանքից հետո գործընկերներս կշնորհավորեն և վերջ: Երբ բեմ բարձրացա, այդ ժամանակ սրահ մտան կինս, ընտանիքիս անդամները և գործընկերներիս հետ շնորհավորեցին: Իսկապես, անսպասելի էր ինձ համար: Կինս բոլորին ասել էր, որ ամեն ինչ անեն, որ մնամ աշխատավայրում: Այդ ամենն ինքն էր կազմակերպել: Ճիշտ է, շատերի համար հնարավոր է սա սովորական անակնկալ լինի, բայց իմ կյանքում սա առաջին անգամ էր և երբեք նման անակնկալ չէի ստացել»,- ասաց Արմուշը:
Հումորիստը նշեց, որ մինչև ուշ գիշեր ընկերների և հարազատների հետ մնացել են և տոնել 41-ամյակը: Անակնկալները այդքանով չեն ավարտվել: «Առավոտյան տղաս է շնորհավորել: Բանաստեղծություն էր գրել ինձ համար բացիկի մեջ: Ես նաև այս շրջանում խաղում եմ «Չիպոլինո» երաժշտական մյուզիքլում: Իմ խաղընկերները նույնպես ինձ համար անակնկալ էին պատրաստել: Հետաքրքիր է, որ 40-ից հետո սկսել եմ նման բաներից հուզվել, բայց չգիտեմ՝ ինչու»,- հավելեց նա:
Անդրադառնալով ամերիկյան կյանքին և առաջիկա ծրագրերին՝ հումորիստն ասաց, որ արագ է ինտեգրվել ԱՄՆ-ում: «Ինձ համար այնքանով էր հեշտ, որ մինչև բնակություն հաստատելը շատ անգամ եմ եկել այստեղ և արդեն ծանոթ էի թե փողոցներին, թե կենցաղին: Ոչ ոքի նեղություն չենք տվել: Երբ արդեն հաստատվեցինք, առաջին տարին էր դժվար: Հիմնական դժվարությունն օրենքներն էին: Բայց, անկախ ամենից, եթե նոր տեղ ես գնում, ապա պետք է սկսես զրոյից: Հիմա ամեն ինչ ընթանում իր հունով: Զբաղվում եմ նրանով, ինչով զբաղվում էի Հայաստանում»,- հայտնեց Արմուշը:
Դերասանն ԱՄՆ-ում զբաղվում է հանդիսավարությամբ, Վահագն Գրիգորյանի հետ իրականացնում են «32 comedy show»-ն և խաղում ներկայացումներում: «Այստեղ փորձում ենք ակտիվացնել stand-up ժանրը: Փորձը ցույց է տվել, որ այն հետաքրքիր է մարդկանց համար: Ի դեպ, նկատել եմ, որ նաև մարդիկ կարոտել են «Վիտամինին»: Երբ Հրանտ Թոխատյանի 60-ամյակի առթիվ համերգ էին կազմակերպել, ես, Տիգրանն ու Վաչեն ելույթ ունեցանք: Չեք պատկերացնի, թե դահլիճն ինչպես դիմավորեց մեզ: Ճիշտ է, այստեղ կան տաղանդավոր հումորիստներ, որոնք ներկայացնում են Ամերիկայի կենցաղը, և հանդիսատեսը նրանց էլ է սիրում, բայց մեզ այլ կերպ ընդունեցին: Թող ներեն ինձ բոլոր հումորային ակումբները, բայց «Վիտամինից» հետո այդ տեղը թափուր է մնացել»,- ասաց Արմուշը:
Հետաքրքրվեցինք՝ ԱՄՆ-ում հնարավո՞ր է «Վիտամինը» շոուներ կազմակերպի, հումորիստը պատասխանեց. «Շատ ուրախ կլինեմ, որովհետև մարդիկ էլ են դրան սպասում: Եթե նորից առաջարկ լինի և հեռուստատեսությամբ ցուցադրեն, ապա մեզ համար ավելի հեշտ կլինի շրջագայություններ կազմակերպել: Ճիշտ է, հիմա յուրաքանչյուրս էլ մեր գործով ենք զբաղված, բայց առաջարկի դեպքում մենք կհամախմբվենք, քանի որ մենք էլ ենք կարոտել»:
Արմուշը շատ է կարոտում Երևանը, իր ընկերներին: Նրա ընտանիքի անդամներն էլ դժվար են համակերպվում ԱՄՆ կենցաղին, կարոտը կանչում է Հայաստան: «Կինս ու մեծ տղաս մինչև հիմա չեն ինտեգրվել: Գրեթե ամեն օր ասում են՝ «ուզում ենք Հայաստան գնալ»: Աստված առաջ, խոստացել եմ արձակուրդներին ուղարկել իրենց: Թող մի լավ կարոտներն առնեն գան: Հնարավոր է՝ ես չկարողանամ գալ»,- եզրափակեց Արմուշը: