Մարտի 21-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից անօրինական գործողություն կատարելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 18-ին, առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները պահատանը կից խուզարկության առանձնասենյակում անձնական խուզարկության են ենթարկել նշված հիմնարկի ԱԱԲ 2-րդ կարգի մասնագետ, ենթասպա, Արթիկ քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Աղաքարյանին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինիս հետույքի արանքից հայտնաբերվել և առգրավվել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ: Փաթեթը բացելուց հետո նրա մեջ հայտնաբերվել է ներարկիչ: Հ. Աղաքարյանը խոստովանել է, որ մարտի 17-ին երեկոյան նշված փաթեթը իրեն է փոխանցել մի անծանոթ տղամարդ և խնդրել է, որպեսզի այն փոխանցի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կալանավորը Գյումրի քաղաքի Արագած 2-րդ թաղամասի բնակիչ, նախկինում 2 անգամ դատապարտված, անցյալ տարվա մարտի 9-ից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի հատկանիշներով դատապարտված, 41-ամյա Զորիկ Մեսինյանն է: Հ. Աղաքարյանի մոտից հայտնաբերվածը փաթեթավորվել է և նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: