Հաշմանդամություն ունեցող անձանց երթևեկը հեշտացնելու համար Երևանում 2018 թվականին կկառուցվեն ևս 150 նոր թեքահարթակներ և մոտ 100-150-ն էլ կվերանորոգվեն կամ կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին։
«Այս տարի արդեն իսկ կառուցվել է շուրջ 40 թեքահարթակ։ 2018 թվականին նաև վերանորոգելու ենք այն թեքահարթակները, որոնք վնասված են։ Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մինչև 2013 թվականը կառուցվածներին, որոնք չափորոշիչներին չեն համապատասխանում, և դրանք էլ կձևափոխենք ու կհամապատասխանեցնենք ստանդարտներին։ 2018 թվականին նախատեսում ենք մայրաքաղաքում կառուցել շուրջ 150 նոր թեքահարթակներ, և, կարծում եմ, արդեն ամբողջությամբ կավարտվի կառուցումը։ Մոտ 100-150 թեքահարթակ էլ պետք է վերանորոգվի կամ, եթե չի համապատասխանում չափորոշիչներին, բերվի պատշաճ վիճակի»,- ընդգծեց Մերթարջյանը և հավելեց, որ վերանորոգման և չափորոշիչներին համապատասխանեցնելու աշխատանքները շարունակական բնույթ են ունենալու։
Նրա խոսքով՝ թեքահարթակ կառուցելու համար կան ընդհանուր նորմեր՝ կանոնակարգված, նշված համապատասխան փաստաթղթերով, որոնք միջազգային նորմեր են համարվում։
«Ամբողջ աշխարհում առաջնորդվում են հստակ չափորոշիչներով։ Մենք այս աշխատանքների ընթացքում սերտ համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ։ Այսինքն՝ նախագծման փուլից, հասցեների ընտրությունից սկսած աշխատում ենք համապատասխան ՀԿ-ների՝ «Ունիսոնի», «Փյունիկի» հետ, որոնց շահառուները հենց հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ ամենից հետո մրցույթ է կազմակերպվում և ընտրվում են համապատասխան շինարարական կազմակերպություններ, որոնք էլ իրականացնում են թեքահարթակների կառուցման աշխատանքները։ Հենց առաջին օրվանից մենք իրենց հետ ենք՝ ուղղորդում ենք, ցույց ենք տալիս հասցեները և իրականացնում աշխատանքների ճշգրիտ կազմակերպումը։ Միայն թեքություն ու համապատասխան անկյուն ունենալով խնդիրը չի լուծվում՝ կան լանդշաֆտային խնդիր, տարբեր այլ հարցեր, որոնց պետք է ստեղծագործաբար մոտենալ։ Մեր ճարտարապետները բոլոր վարչական շրջաններում աշխատում են շինարարական կազմակերպությունների հետ»,- նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալը։
Նա վստահեցրեց, որ այդ ամենը դեռ աշխատանքի կեսն է, քանի որ իրենք աշխատանքի ընթացքում պարբերաբար ՀԿ-ների հետ մոնիթորինգային այցեր են կատարում, որոնց ժամանակ մատնանշում են տեղում հայտնաբերված խնդիրներն ու շեղումները և ցուցումներ տալիս դրանք վերացնելու ուղղությամբ։
«Մեզ հետ այդ այցերին մասնակցում են ոչ միայն շինբարեկարգման համապատասխան վարչությունը, այլև տեխվերահսկման մարմինը, որը պարտավոր է վերահսկել այդ աշխատանքները և հետո հաստատել։ Շինարարական կազմակերպությունների հետ աշխատանքի մեծ փորձ ունենք, արդեն նրանք հասկանում են թեքահարթակների շինարարության սկզբունքը, և շատ ավելի արագ է ստացվում գործը։ Առաջին տարիներին մենք իրենց էլ էինք բացատրում, թե դա ինչի համար է։ Այսօր արդեն բավականին մեծ աշխատանք է արվել։ Այսօր մենք նաև փորձում ենք կարծրատիպեր կոտրել։ Պետք է ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք մարդիկ են որպես հասարակության անդամ, և մենք պետք է հնարավորինս պայմաններ ստեղծենք, որպեսզի այդ մարդիկ կարողանան ներկայացնել իրենց լիարժեքությունը»,- ասաց Սամվել Մերթարջյանը։