
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանքներ են առաջադրվել Լիբիայի կողմից 2007 թվականի նրա նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով: Մարտի 21-ին այս մասին հայտնել է Le Monde թերթը: Պետության նախկին ղեկավարը կգտնվի դատական վերահսկողության ներքո:
Մեղադրանքներն առաջադրվել են «Պասիվ կոռուպցիա (կաշառքների ստացում), «Նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորում», Լիբիայի «Պետական միջոցների անօրինական ստացում և տնօրինում» հոդվածներով: Կոռուպցիայի, ֆինանսական և հարկային իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական վարչությունում հարցաքննությունից հետո, որը տեւել է 26 ժամ, Սարկոզին մեկնել է տուն՝ Փարիզի 16-րդ օկրուգ: Թե Սարկոզիի նկատմամբ դատական վերահսկողության հատկապես ինչ միջոցներ կկիրառվեն, չի ճշտվում: Ինչպես BFMTV հեռուստաալիքին հայտնել են իրավաբանական շրջանների աղբյուրներ, Սարկոզին ժխտում է մեղքը առաջադրված մեղադրանքների առնչությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: