Մերօրյա կրթական համակարգն այլևս չի համապատասխանում ժամանակի պահանջներին։ Ներկա գործող համակարգը հիմնված է մի մոդելի վրա, որը մասնագետները կոչում են սելեկտիվ։ Այս համակարգի իմաստն այն է, որ մշակվում է կրթական մեկ ծրագիր և բոլոր սովորողներն անցնում են այն։ Նրանք ովքեր անցածը սովորում են, համակարգի կողմից սահմանվում են որպես ուսման առաջավորներ, արժանանում են ուսուցիչների ուշադրությանը և սոցիալական վերելակում տեղ ունենալու հնարավորություն են ստանում։ Նրանց հնարավորություն է տրվում սովորելու սելեկտիվ կրթություն իրականացնող դպրոցներում։ Իսկ նրանք, ովքեր չեն համապատասխանում սահմանված ձև-ֆորմային, հռչակվում են որպես ձախողակներ։
Կրթության այս մոդելն ունի քաղաքական ենթատեքստ։
Ընտրվում են այն մարդիկ, ովքեր հակված են հնազանդության, հարմարվողականության, կատարողականության, իսկ մյուսները մղվում են լուսանցք։ Փոքրուց ուսուցչին հաճոյացող աշակերտին խրախուսելը նպատակ ունի ապագայում ունենալ իշխանությանը հաճոյացող չափահաս մարդ։ Այս համակարգը փորձում է կոտրել երեխայի դիմադրությունը, որպեսզի նա մեծանալուց հետո հրաժարվի իր անհատականությունից և դառնա համակարգի ֆունկցիա։ Կամք թելադրելու միջոցով երեխայի դիմադրությունը կոտրելը խախտում է կրթության երեք բաղադրիչների՝ անհատականացման, սոցիալականացման և մասնագիտացման միջև բալանսը, հօգուտ՝ սոցիալականացման։
Կրթության գործող մոդելը հիմնվում է հսկողության վրա և երեխաներին զրկում է ազատության տարածքից կամ այլընտրանքի հնարավորությունից։
Երեխաներին ռմբահարելով պատրաստի պատասխաններով և ֆորմուլաներով, այս համակարգը հարցերի համար տեղ չի թողնում, մերժում է կասկածներն ու այլընտրանքները, անհամաձայնությունն ու դիմադրությունը։
Կրթության այսօրվա քարտեզը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Իրականությունն այսօր բազմազան է։ Երեխաների միջև առկա տարբերությունները էապես մեծացել են։ «Մեկ ծրագիր և մոտեցում» տարբերակը, որը բրազիլացի մանկավարժ Ֆրեյրեն համարում էր «ճնշվածների մանկավարժություն», չի կարող արդյունավետ լինել։
Հայտնի է, որ առաջիկա տարիներին արհեստական ինտելեկտը կատարելու է ստանդարտ աշխատանքների զգալի մասը։ Այսինքն՝ միատեսակ մտածող մարդկանց կարիքը նվազելու է։ Միատեսակ մտածող մարդիկ ու հասարակություններն այլևս մրցունակ չեն լինելու։ Նման իրավիճակում կրթության համակարգը պետք է բացահայտի յուրաքանչյուր երեխայի ուժեղ կողմերը և դրանց վրա կառուցի նրա կրթական ուղին։ Կրթական համակարգը պետք է սովորի արդյունավետ գործել բազմազանության միջավայրում։ Ներկայումս կրթական համակարգը բազմազանությունը դիտում է որպես խնդիր և փորձում է կոտրել երեխաների դիմադրությունը՝ նրանց միատեսակ դարձնելու մղումով։ Մինչդեռ բազմազանությունը պետք է օգտագործվեի որպես հնարավորություն՝ յուրաքանչյուր երեխայի տաղանդը բացահայտելու առումով։ Այսօր բազմաթիվ երեխաներ չեն սովորում ոչ թե այն պատճառով, որ մտավոր խնդիրներ ունեն, այլ դիմադրում են միատեսակ ծրագիր անցնող համակարգին։ Այդ դիմադրության միջոցով, երեխան ուզում է ասել, որ մյսուների համեմատ ինքն այլ կարիքներ և ուժեղ կողմեր ունի։ Այդ դիմադրության միջոցով երեխան ուզում է ասել է, որ մարդն անշունչ առարկա չէ, որին կարելի է հարմարեցնել նախորոք սահմանված որոշակի ձևի։ Այդ դիմադրության միջոցով երեխան ուզում է ասել, որ դուք չեք կարող սովորեցնել երեխային, եթե նա թույլ չտա, որ իրեն սովորեցնեք։ Իսկ թույլ տալու համար, երեխային հուզում է ոչ այնքան ուսուցչի գիտելիքների պաշարը, որքան երեխային հասկանալու, նրա ուժեղ կողմերի վրա ուսուցումը կառուցելու ուսուցչի կարողությունը։
Դիմադրության իրավունքը երեխայի՝ մարդ մնալու, իր անհատականությունով հասարակությանը պատկանելու խորքային մղումն է։ Ի վերջո, հենց մարդու դիմադրող տեսակն է յուրաքանչյուր նորամուծության ակունքներում։ Հարմարվող տեսակը ունակ չէ որևէ փոփոխության։