Շախմատի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկը:
Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Գրիշչուկի հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Կարյակին (Ռուսաստան)-Կարուանա (ԱՄՆ), Կրամնիկ (Ռուսաստան)- Սո (ԱՄՆ), Մամեդյարով (Ադրբեջան)- Լիժեն (Չինաստան):
11-րդ տուրից հետո առաջատարը չի փոխվել: Ֆաբիանու Կարուանան ունի 7 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6,5 միավոր ունի Շահրիյար Մամեդյարովը: 6-ական միավորով 3-4-րդ տեղերն են կիսում Սերգեյ Կարյակինը և Ալեքսանդր Գրիշչուկը: Դին Լիժենն ունի 5,5, Վլադիմիր Կրամնիկը՝ 5, Ուեսլի Սոն 4,5, իսկ Լևոն Արոնյանը 3,5 միավորով վերջինն է:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: