Մարտի 25-ին Միացյալ Թագավորության Էյլսբերի քաղաքում բացվել է բրիտանացի հայտնի երգիչ և կոմպոզիտոր Դևիդ Բոուիի (1947-2016 թթ.)՝ աշխարհում առաջին արձանը: Այդ մասին հայտնել է BBC կորպորացիան:
«Երկրային պատվիրակ» խորագրով բրոնզե քանդակը տեղադրվել է այն քաղաքի ամենակենտրոնում, որի հետ կապված է Բոուիի ստեղծագործական կարիերան: 1971 թվականին այստեղ՝ Էյլսբերիում, նա ներկայացրել է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ Hunky Dory-ն, իսկ 1972 թվականին՝ հինգերորդը՝ The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars-ը:
Բոուին հավերժացել է իր բեմական կերպարներով, որոնք ներառվել են քանդակագործական կոմպոզիցիայում: Հուրախություն երգչի երկրպագուների, հուշակոթողում ներսարված սարքը ժամը մեկ հնչեցնելու է նրա երգերը: Դևիդ Բոուին 2016 թվականի հունվարի 10-ին լյարդի քաղցկեղից 69 տարեկան հասակում մահացել է Նյու Յորքում: Կարիերայի ընթացքում արտիստը վաճառել է ավելի քան 136 մլն սկավառակ և տեղ զբաղեցրել Մեծ Բրիտանիայի փոփ երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ արտիստների տասնյակում:
2004 թվականին Rolling Stone հանդեսը «Ռոք-երաժշտության բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողների» վարկանիշում Բոուիին տեղավորել է 39-րդ, իսկ «Բոլոր ժամանակների 100 մեծագույն վոկալիստների» վարկանիշում՝ 23-րդ հորիզոնականում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: