Թատրոնի միջազգային օրվա առիթով դերասան Լևոն Հարությունյանը և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ, խոսեցին թատրոնի խնդիրներից, անդրադարձան դրանց լուծման հնարավոր ելքերին:
Խոսելով թատրոնի միջազգային օրվա, մասնավորապես՝ հայաստանյան թատերական կյանքի տեմպերի ու որակի մասին, Լևոն Հարությունյանը հռետորական հարց հնչեցրեց. «Նայեք, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում թատրոններին՝ ամեն քայլափոխի ուղղակի ստորացնում են: Ո՞նց կարելի է նման պայմաններում՝ թատրոնի մարդն ուզենա ինչ-որ բան փոխել: Նախևառաջ վերևում պետք է ուզենան առհասարակ մշակույթում ինչ-որ բան փոխեն, իսկ դրա համար պետք է հայտնվի իսկական լիդեր ու սկսի փոխել համակարգը՝ վերևից ներքև: Էս երկիրը պետք է ոտքից գլուխ փոխել, հերթով կարգի հրավիրելով բոլոր ոլորտները՝ սկսած տնտեսությունից՝ մինչև մշակույթ: Դրա համար պետք է ցանկություն լինի, իսկ նման ցանկություն այս երկրում բացարձակապես չկա: Գիտե՞ք, ես արդեն ուզում եմ անընդհատ լռեմ այս երկրում: Նենց կայֆ ա էդ լռելն արդեն էս երկրում, չեք պատկերացնի»:
Խոսելով թատերական ոլորտում առկա խնդիրների մասին՝ Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձավ ֆինանսավորման մեխանիզմներին ու դրանից բխող հետևանքներին.
«Մոսկվա եմ գնում, տեսնում եմ՝ ինչ վերաբերմունք է այնտեղ արվեստի նկատմամբ, ինչ ուշադրություն է դարձնում նույն Պուտինը արվեստին: Ուղղակի ասելու բան չկա: Հիմա վերադառնանք մեր իրականություն և նախևառաջ խոսենք այն կրճատումների մասին, որ վերջերս արվեցին: Խոսեմ հենց Գյումրու թատրոնի մասին, որտեղ ես գեղարվեստական խորհրդական եմ, և որն ունի ընդամենը 34 անդամ:
Հիմա ամեն րոպե մտածում են, որ դա էլ պետք է կրճատել: Է հա, հետո՞, մինչև ո՞ւր: Կամ՝ նոր ներկայացում ես ուզում բեմադրել, կա պետպատվեր, ինչ ուզում ես՝ բեմադրի, քեզ ասում են՝ կարող են տալ ընդամենը 1.5-2 մլն դրամ գումար: Բայց ես կարող է մի մեծ, ծավալուն բան եմ բեմադրում, ի՞նչ անեմ:
Վերջերս էլ կառավարությունը թատրոնից ինչ-որ 20 տոկոս գումարի հետվերադարձի մասին օրենք էր ուզում ընդունել: Իբր շատ էինք դիմանում, հիմա էլ՝ սա: Հավաքվեցինք մի քանի հոգով, գնացինք, բացատրեցինք կառավարությանը, որ նման բան չի կարելի անել, ասացին՝ հա՜, ճիշտ եք ասում, մենք չէինք մտածել: Ա՛յ, այս մոտեցումն է ամենուրեք տիրում: Երբ ինձ տվեցին վաստակավոր դերասանի կոչում, ես ասացի՝ ախր ես դերասան չեմ, ես բեմադրիչ եմ, եթե որոշել եք տալ, գոնե արվեստի վաստակավոր գործիչ տվեք, մտածեցին, մտածեցին, վերջը ասեցին՝ բայց դերասանը ավելի լավ չի հնչո՞ւմ… Այսինքն՝ էնքան անտեղյակ են ամեն ինչից, հիմա մենք այստեղ նստել՝ վատ որակով ներկայացումների մասին ենք խոսում»:
Նա տեղեկացրեց, որ մտածում է ահագնացող արտագաղթի թեմայով ներկայացում բեմադրելու մասին. «Ես արդեն ամեն օր մտածում եմ՝ էդ ինչպե՞ս կարող էին Բյուզանդիայի ու Ասորեստանի նման հզոր պետությունները վերանալ երկրի երեսից, իսկ Հայաստանը չի՞ կարող: Այսօրվա ահագնացող արտագաղթը տանում է նրան, որ Հայաստանը մի օր էլ պարզապես չի լինի: Մի զարմացեք. բայց արտագաղթի հետևանքները հստակ երևում են նաև թատրոնում:
Երբ տարեցտարի բողոքում ենք հանդիսատեսի պակասող թվից, մի՞թե չենք հասկանում, որ դա տեղի է ունենում նաև Հայաստանից հեռացող մարդկանց հաշվին: Իսկ եթե չկա հանդիսատես, էլ ինչի՞ համար է թատրոնը, էլ չեմ ասում՝ պետությունը: Վերջերս ես սկսել եմ մտածել արտագաղթի մասին ներկայացում բեմադրելու ուղղությամբ և շատ լուրջ եմ մտածում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նվարդ Մանվելյան