Երգչուհի Լիանան օրեր առաջ ենթարկվել է երիկամի վիրահատության: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ բարդ վիրահատություն է տարել: Այս պահին նա տանն է և իրեն լավ է զգում:
«Երիկամիս մեջ քար կար: Երկու ժամ է տևել վիրահատությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ուռոլոգիայի կլինիկայի ղեկավար Սերգեյ Ֆանարջյանին, Սերոբ Միքայելյանին, Սիմոն Մկրտչյանին և Էրեբունի բժշկական կենտրոնի աշխատակիցներին իրենց հոգատարության և վերաբերմունքի համար: Հպարտ եմ ու երջանիկ, որ ունենք նրանց նման մասնագետներ: Մտածում էի` մահանում եմ, բայց նրանց ուշադրությունը ոտքի կանգնեցրեց ինձ: Նրանց նման մարդիկ շատ քիչ կան, որ հոգատար են: Անգամ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անընդհատ զանգում են և հետաքրքվում` արդյոք ջերմությունս չի բարձրացել և այլն»,- ասաց Լիանան:
Երգչուհին նշեց, որ երիկամներում քարն առաջացել է դեռ այն ժամանակ, երբ կարճ ժամանակում 25 կգ նիհարել է: «Սովորաբար, երիկամային քարն առաջանում է նյութափոխանակության խանգարման հետևանքով: Դեռ երեխաս չէր ծնվել, որ փորձեցի 4-ից 5 ամսում նիհարել: Դրանից հետո էլ նորից քաշս նվազեցրել եմ, բայց ավելի երկար ժամանակ է ինձանից պահանջվել: Այդ ընթացքում իմացել եմ, որ երիկամիս մեջ քար կա և անընդհատ հակաբորբոքային էի խմում: Վերջին շրջանում ինձ շատ վատ էի զգում: Չէի կարողանում գնալ մարզասրահ, լողի, բեմում էլ 15 րոպեից ավելի չէի կարողանում մնալ: Անտանելի էր ցավը մինչև գնացի հիվանդանոց»,- ավելացրեց երգչուհին:
Բժիշկները Լիանային խորհուրդ են տվել հետևել սննդակարգին և շատ հեղուկ խմել: «Եթե օրգանիզմդ ունի նյութափոխանակության խնդիր, երիկամային քարը նորից կառաջանա: Հիմա պետք է ուտեմ ամեն ինչ, բայց քիչ-քիչ: Դա ինձ համար ապրելակերպ պետք է դարձնեմ: Հիմա իմ խնդիրն է հետևել առողջությանս և պարբերաբար ստուգման գնալ: Պետք է հեղուկ շատ օգտագործեմ և շարժման մեջ լինեմ»,- եզրափակեց երգչուհին: