Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն է: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը «Արմենպրես»–ի հետ զրույցում անդրադառնալով եվրոպական որոշ երկրների վիզայի դիմումներն ապրիլի 3-ից ընդունող նորաբաց «ՎիզաՄետրիկ»-ին, որը ռուս-թուրքական կոնսորցիում է, նշեց, որ անկախ նրանից, ինչ ընկերություն է, գործակալությունը պետք է վերահսկի, որ քաղաքացիների անձնական տվյալները պաշտպանված լինեն:
«Անձնական տվյալների ոլորտում գործ ունենալիս ընկերությունը պետք է հետևի մի քանի սկզբունքների: Նախ` անձնական տվյալները պետք է մշակվեն օրինական նպատակով: Այստեղ կա օրինական նպատակը, այդ ընկերությունը տվյալները հավաքելու է Հայաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու համար: Երկրորդ սկզբունքն այն է, որ անձնական տվյալները պետք է հավաքվեն այն ծավալով, որքանով դա անհրաժեշտ է իրենց օրինական նպատակին հասնելու համար: Այսինքն` չեն կարող ավելի շատ տվյալներ հավաքագրել անձի մասին, քան անհրաժեշտ է»,-ասաց Շուշան Դոյդոյանը:
Նա ընդգծեց, որ ընկերությունը չի կարող մեկ նպատակի համար հավաքագրված տվյալներն օգտագործել բոլորովին այլ նպատակներով: Շուշան Դոյդոյանի խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ կլինի ինչ-որ վտանգ, կասկած, որ կարող են այդ տվյալներն օգտագործվել այլ նպատակներով, բնականաբար, պետությունը, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պետք է միջամտի:
«Վերահսկողությունը գործակալության ձեռքում է, նա է լիազոր մարմինը, ով պետք է երաշխավորի քաղաքացիների անձնական տվյալների պաշպանությունը: Եթե լինեն խախտումներ, ապա գործակալությունը կարող է միջամտել և վարչական պատասխնատվության նորմեր կիրառել, իհարկե, այդքան էլ բարձր չեն, բայց մինչև 500 հազար դրամի չափով օրենքը թույլատրում է»,-ասաց նա:
Շուշան Դոյդոյանը ևս մեկ հանգամանք առանձնացրեց. մարդկանց անձնական տվյալները երրորդ երկիր փոխանցելուց առաջ տվյալ ընկերությունը պետք է դիմի գործակալությանը, հայտ ներկայացնի, որպեսզի ստանա այդ իրավունքը: Քանի դեռ թույլ չի տրվել, այդ ընկերությունը չի կարող անձնական տվյալները փոխանցել երրորդ երկրին: Դա նաև վերաբերում է վիրտուալ ճանապարհով փոխանցելուն:
«Մի կարևոր հանգամանքի մասին ևս: Սովորաբար այդ ընկերությունները հնարավորություն են ունենում ձեռք բերել մարդկանց կենսաչափական անձնական տվյալներ, օրինակ՝ մատնահետքերը, որոնք հնարավորություն են տալիս անսխալ նույնականացնել անձին: Այս ոլորտում, այսպիսի տեղեկություններ հավաքելուց առաջ, նրանք նույնպես պետք է տեղեկացնեն գործակալությանը: Ես կարծում եմ, որ գործակալությունը, որպես վերահսկող մարմին, շատ անելիքներ ունի»,-ասաց նա:
Իրավական հարցերից բացի Շուշան Դոյդոյանը նշեց, որ այստեղ քաղաքական հարց է նաև առաջանում:
«Փաստորեն մենք, ի դեմ «ՎիզաՄետրիկ»-ի, գործ ունենք այնպիսի կազմակերպության հետ, որում ներկայացված է այն երկիրը, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ: Սա ավելի շատ քաղաքական խնդիր է և քաղաքական մեկնաբանություն է ենթադրում»,-հավելեց նա: