Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն իր նստավայրում հյուրընկալել է մոտ մեկ ամիս առաջ Վաշինգտոն այցելած Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներին: Ինչպես հայտնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը, դեսպան Միլզը շնորհակալություն է հայտնել բազմակուսակցական պատվիրակության անդամներին Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու եւ հայ-ամերիկյան կապի խորացման ուղղությամբ հանձնառության համար:
Հայկական խորհրդարանական պատվիրակությունն ընդգրկում էր խորհրդարանի բոլոր խմբակցություններից մեկական, իսկ իշխող ՀՀԿ-ից երկու անդամ՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան:
Իրավիճակը այս դեպքում ուշագրավ է ԵԼՔ դաշինքի մասով, որտեղից պատվիրակության մեջ ընդգրկվել էր Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հետաքրքրությունն այն է, որ դա փաստացի տեղի էր ունենում դաշինքում հրապարակ գնալ-չգնալու վերաբերյալ քննարկումների ֆոնին, որտեղ Լուսավոր Հայաստանը հանդես էր գալիս հրապարակ գնալու Նիկոլ Փաշինյանի մտադրության դեմ:
Արդյունքում Փաշինյանը գնաց հրապարակ՝ առանձին կուսակցական որոշումով, իսկ Էդմոն Մարուքյանն, այսպես ասած, գնաց Վաշինգտոն, խորհրդարանական պատվիրակության կազմում:Իրավիճակը ընդհանուր առմամբ հետաքրքիր է նաեւ օրեր առաջ դեսպան Միլզի հայտարարության ֆոնին, որ նա արել էիր aysor.am կայքի հարցմանն ի պատասխան, կապված տեղեկությունների հետ, թե ԱՄՆ-ն աջակցում է զինված խմբերի եւ ուժով իշխանափոխության առաջարկների:
Դեսպան Միլզը այդ հարցմանն ի պատասխան հայտարարել էր, անսպասելի կոնկրետությամբ, թե ԱՄՆ չի սատարում Սասնա ծռեր խմբին եւ ուժով քաղաքական օրակարգ առաջ մղելու որեւէ փորձի:
Ինչ խոսք, հայտարարությունն ուղղակի որեւէ առնչություն չունի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ այս օրերին հրապարակային, փողոցային պայքարի նախաձեռնությունների հետ, որեւէ կերպ չի անդրադառնում դրանց, բայց ակնառու են նաեւ մի շարք ասոցիացիաներն այդ ամենին, եւ ընդհանուր մթնոլորտային առումով ստացվում է ԱՄՆ տարանջատումը այդ տարբերակներից եւ օրակարգից:
Փորձառու դիվանագետ Միլզը չէր կարող հաշվի չառնել եւ չնկատել այդ համատեքստային ասոցիացիայի անխուսափելիությունը:Գործնականում, ԱՄՆ դրսեւորում է Հայաստանում քաղաքական օրակարգ առաջ մղելու իր մոտեցումը եւ դրա առանցքային ուղղություն դիտարկում խորհրդարանը, այդ համատեքստում էլ ուշադրության կենտրոն բերելով ԱՄՆ այցելած խորհրդարանական պատվիրակությունը:
Ամբողջությամբ՝ lragir.am կայքում: