Կայացավ Ասմունքի հանրապետական 11-րդ փառատոնի գալա համերգը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կայացավ Ասմունքի հանրապետական 11-րդ փառատոնի գալա համերգը

Օրեր առաջ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Ասմունքի հանրապետական 11-րդ մանկապատանեկան մրցույթ-փառատոնի» գալա համերգն ու մրցանակների հանձնման արարողությունը: Այս անգամ փառատոնը նվիրված էր բոլոր ժամանակների հայ ազատագրական պայքարի հոբելյաններին և կրում էր «Արցախյան ազատամարտ 30» խորագիրը:

Հանրապետության բոլոր մարզերի, Արցախի ու Ջավախքի դպրոցներից ու կրթահամալիրներից փառատոնին մասնակցության 285.000 հայտագրվածներից, երեք փուլերից հետո, հաղթող ճանաչվեցին 48-ը՝ երկու տարիքային խմբերից (11-14,15-17):

Փառատոնի մեկնարկին պատանի երկրապահները դահլիճ բերեցին Հայաստանի Հանրապետության, Արցախի պետական դրոշները և Երկրապահ կամավորականների միության մարտական դրոշը, և Պետական օրհներգի հնչյունների տակ ներկաները դիմավորեցին նրանց:

Փառատոնի գալա համերգը բացելու պատիվը տրվել էր ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանին:

Գալա համերգի հանդիսավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանն ընթերցեց Արցախի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ուղերձը:

Հոբելյանական համերգի ընթացքում ելույթներ ունեցան հանրապետության լավագույն արտիստները, փառատոնի մրցանակակիրները և պատանի երկրապահները: Ցուցադրվեցին տարբեր ժամանակների հայ ազատագրական պայքարից, պատերազմական գործողություններից արխիվային նյութեր: Փառատոնի բանախոս, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանի ողջույնի խոսքը համեմված էր հայ գրողների այն ստեղծագործություններից մեջբերված հատվածներով, որոնք նվիրված էին հայ զինվորին, պատերազմին ու հայոց բանակին:

Ասմունքի փառատոնի ծրագրի հեղինակ և ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը ներկայացրեց 11-րդ փառատոնի մարզային այցերի ծրագրերը և փառատոնի մասնագիտական ժյուրիի որոշումը՝ հնչեցրեց հաղթողների անունները, որոնք միանման, գեղեցիկ հագնված, բեմահարթակի կենտրոնում էին շարված: Ասմունքի փառատոնի անփոփոխ պատվավոր նախագահ ու հովանավոր մեծարգո Հովիկ Աբրահամյանը շնորհավորելով մրցանակակիրներին՝ հաջողություններ մաղթեց նրանց կյանքի բոլոր փուլերում և Գրան պրի մրցանակին արժանացած Վահան Եղիազարյանին (Կոտայքի մարզ, Հրազդանի թիվ 8 դպրոց) հանձնեց փառատոնի Պատվոգիրն ու ipad: Երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր զբաղեցրածները ստացան շնորհակալագրեր և համապատասխանաբար ՝ նոութբուքեր, հեռուստացույցներ, սմարթֆոններ: Փառատոնի ժյուրիի անդամներ՝ ՀՀ ժող. արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Գրետա Մեջլումյանը, Արև Սանթրոսյանը, Մարիամ Ղազարյանը, Սարգիս Նաջարյանը, Հայ գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, «Կամար թերթի» խմբագիր Նառա Դանիելյանը փառատոնում Խրախուսական մրցանակի արժանացած 40 մասնակցի հանձնեցին 10 կտորից կազմված հայ գրողների հրաշալի ստեղծագործություններ ու հանրագիտարանային հավաքածու և բջջային հեռախոս:

Մրցանակաբաշխությունից հետո ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ողջույնի ուղերձն ու հրամանագրերն ընթերցեց ԵԿՄ նախագահի օգնական Մամիկոն Խուրշուդյանը և մրցանակային տեղեր զբաղեցրած 7 ասմունքողների հանձնեց պատվոգրեր, իսկ Գրան պրիի արժանացած Վահան Եղիազարյանին՝ ԵԿՄ հուշամեդալ:

Ասմունքի փառատոնի ժյուրիի 7 անդամներին նույնպես հանձնվեցին ԵԿՄ 25-ամյակին նվիրված Ոսկե մեդալներ: Ոսկե մեդալի արժանացավ նաև Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղղեկ Հակոբ Ղազանչյանը: Վերջինս բարձր գնահատեց ասմունքի փառատոն անցկացնելու գաղափարն ու հաջողություններ մաղթեց կազմակերպիչներին: Հիշատակի համար լուսանկարվելուց հետո բեմ լցվեց պատանի երկրապահ թմբկահարների հնչյուններով և դահլիճից դուրս բերվեցին Պետական դրոշները՝ ներկաների բուռն ծափերի ուղեկցությամբ:

«Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը» սկիզբը դրեց 11 տարի առաջ Ազգային ժողովի Գիտության կրթության, սպորտի ու երիտասարդության մշտական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած, Մարիետա Մակարյանի ներկայացրած հեղինակային ծրագիրը: Եվ այդ օրվանից, արդեն 11 տարի անընդմեջ, հանրապետության բոլոր մարզերում, Արցախում և Ջավախքում անցկացվում է ասմունքի փառատոնը:

Հարկ է նշել, որ նախորդ բոլոր փառատոները նվիրված են եղել մեր մեծերի հոբելյաններին՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Համո Սահյան, Վահագն Դավթյան, Գևորգ Էմին, սփյուռքահայ գրողներ՝ Միսակ Մեծարենց, Վահան Թեքեյան, Պետրոս Դուրյան, Սիամանթո, ՀՀ ժող. արտիստ Մետաքսյա Սիմոնյան, և նաև՝ Մայրենի լեզվին ու Արցախյան ազատամարտին: Մինչև այժմ փառատոների հաղթողներ են դարձել 350 ասմունքող, որոնք հարգարժան Հովիկ Աբրահամյանի կողմից արժանացել են պատվոգրերի, դիպլոմների, շնորհակալագրերի և, իհարկե, թանկարժեք նվերների: Մրցանակակիրներից 48-ն այսօր սովորում են մասնագիտական բուհերում, 6-ը տարբեր հեռուստաընկերություններում վարում են հաղորդաշարեր, իսկ 8-ն աշխատում են Երևանի ու մարզերի թատրոններում:

Փառատոնի նպատակն է մատաղ սերնդի մոտ արթնացնել սերը գրականության, պոեզիայի հանդեպ: Տարեցտարի փառատոնի հանդեպ հետաքրքրությունն ու մասնակցությունը քառապատկվում է, ինչն էլ նշանակում է, որ մատաղ սերունդը հետաքրքրված է ասմունքի փառատոնով, որի աշխարհագրությունն ընդլայնվում է ու հանրապետական փառատոնից դարձել է համահայկական՝ եռամիասնություն, Հայաստան, Սփյուռք և Արցախ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ