Բարու և չարի վեճը
Advertisement 1000 x 90

Բարու և չարի վեճը

Բարին և չարը գնում էին ճանապարհով, երբ երկու մարդ դուրս եկան նրանց դիմաց:

– Ե՛կ փորձենք, թե մեզնից ով է ավելի ուժեղ,- ասաց չարը:

– Լավ,- համաձայնեց բարին,- իսկ ինչպե՞ս:

– Թող այս երկուսը վիճեն միմյանց հետ և կտեսնենք,- ասաց չարը,- ես նրանցից մեկին ուժեղ ու հարուստ, բայց չար կդարձնեմ:

– Լավ,- ասաց բարին,- իսկ ես մյուսին թույլ ու աղքատ, բայց բարի կդարձնեմ:

Եվ այդպես էլ արեցին: Նույն ակնթարթում մարդկանցից մեկը, շքեղ հագուստով, ձիու վրա հայտնվեց, իսկ մյուսը դարձավ ձեռնափայտով ու ցնցոտիավոր:

– Մի կողմ քաշվի՛ր,- գոռաց հարուստը՝ աղքատին մտրակելով ու տուն սլացավ՝ փողերը հաշվելու:

Աղքատը հոգոց հանեց ու նրա ետևից շարունակեց ճանապարհը:

– Տեսա՞ր,- ուրախացավ չարը,- հիմա պա՞րզ է, թե մեզնից ով է ավելի ուժեղ:

– Սպասի՛ր,- ասաց բարին,- քեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, բայց երկար չի տևում: Իսկ երբ ես եմ որևէ բան անում, ապա դա ընդմիշտ է:

Եվ սկսեցին հետևել, թե հետո ինչ է լինելու:

Որոշ ժամանակ անց աղքատը հանկարծ տեսավ, որ հարուստն իր ձիով շրջվել է ճանապարհին, մնացել ձիու ծանրության տակ ու խեղդվում է արդեն: Աղքատը վազելով նրան մոտեցավ, խղճաց, մի կողմ նետեց ձեռնափայտը, ողջ ուժերը լարեց ու հարուստին դուրս քաշեց այդ ծանրության տակից: Արտասվեց հարուստը, չգիտեր ինչպես իր երախտագիտությունը հայտներ աղքատին:

– Ես քեզ մտրակեցի,- ասաց նա,- իսկ դու իմ կյանքը փրկեցիր: Այսուհետև դու իմ եղբայրն ես ու ինձ հետ կբնակվես:

Հեռացան մարդիկ, իսկ չարն ասաց.

– Այս ի՞նչ ես անում, ա՛յ բարի: Չէ՞ որ խոստացար այն մարդուն թույլ դարձնել, իսկ նա կարողացավ ծանր ձիուն տեղից շարժել: Ու քանի որ այդպես է, ուրեմն ես եմ հաղթել:

Իսկ բարին նույնիսկ չվիճեց, քանի որ չէր կարողանում հակաճառել: Բայց այդ օրից բարին ու չարն այլևս միասին չեն գնում: Իսկ եթե նույնիսկ նույն ճանապարհին են հայտնվում, ապա միայն հակառակ ուղղություններով են գնում:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  
surbzoravor.am