Շատերի կողմից չճանաչված «օրենքով գող» Տարիել Օնիանին (Տարո) շուտով կարող է հայտնվել ազատության մեջ: Այն դեպքում, երբ նրա ընդդիմախոսին՝ երկրի գլխավոր «օրինական» Զախարի Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ) անցյալ շաբաթ դատապարտել են երկարատև բանտարկության (9 տարի և 10 ամիս ժամկետով):
Այդ իրավիճակը կարող է կլանների միջև պատերազմ հրահրել, քանի որ չնայած այժմ տեղի ունեցող իրադարձություններից Օնիանիի թվացյալ հեռացվածությանը, «գողական» աշխարհում նա շատերի համար հեղինակություն է մնում ու հզոր աջակցություն ունի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում: Եվ փոփոխված իրադրության պայմաններում այդ բոլոր մարդիկ կարող են ակտիվացնել իրենց դիմակայությունը Կալաշովի ներկայիս կլանին:
crimerussia.com-ը հիշեցնում է, որ Տարոն «դափնեզրկվել է» 2008թ. մի շարք «հեղինակավոր» «գողերի» կողմից՝ «նահապետներ» Դեդ Հասանի ու Յապոնչիկի գլխավորությամբ: Շատ չանցած պատասխան արձագանքն էր եղել՝ 2009թ. սպանվել էր Յապոնչիկը: Սկսվել էր նաև Ուսոյանի որսը՝ 2010թ. նրա նկատմամբ չհաջողված մահափորձ էր կատարվել, 2013թ. այնուամենայնիվ այն ավարտվել էր նրա սպանությամբ:
Իրեն՝ Տարոյին, 2010թ. հուլիսին մոսկովյան դատարանը դատապարտել էր 10 տարվա ազատազրկման շորթման նպատակով մարդու առևանգման մեղադրանքով: Գտնվելով ուղղիչ գաղութում՝ նրա «գողական» կարգավիճակը վերականգնվել էր, թեև դա, ճիշտ է, ոչ բոլորի կողմից է ընկալվել, և հաստատ ոչ ոքի կողմից, ովքեր այժմ պաշտպանում են Շաքրո Մոլոդոյին և մասնակցում նրա ժամանակավոր փոխարինողի ընտրությանը: