ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիրակի երեկոյան ինքս իմ համար մտովի փորձում էի առանձնացնել որևէ իրադարձություն անցնող օրերից, որը կբնութագրեր հոկտեմբերի 10-14 շաբաթը։ Անկեղծորեն դժվարացա: Ընտրությունների արդյունքների ազնիվ ամրագրմամբ չի հիշվի շաբաթը, միջազգային փառատոնների, միջոցառումների, ցուցահանդեսների անուններով էլ, նույնիսկ յուրահատուկ ոճով կառավարության նիստ վարելն արդեն այլ կերպ է սկսվում ընկալվել։ Որևէ մեկն արդեն չի էլ հիշում, որ Նյու Յորքում ինչ-որ բիզնես համաժողով էր, որ ճոխ-ճոխ գնացին եկան, բայց անգամ քաղաքական դաշտը դա չնկատեց՝ այնքան աննկատ էր. հիշվեց միայն փոխվարչապետի խոսքը, այն էլ՝ Սասնա ծռերի մասին։
ՀԱՊԿ-ի գծով նախագահների Երևան այցով էլ բան չի հիշվելու, էլ չեմ ասում, որ Հայաստանը հասած լինի բարձր հաջողությունների բարձր մակարդակի այդ հանդիպումից: Դառը հիշողություն կմնան միայն ռուս լրագրողների սանձարձակ արտահայտությունները մեր երկրի ուղղությամբ։
Ուրեմն որտե՞ղ է խնդիրը։ Եթե մի պահ մոռանանք մեր կայուն ապաշնորհությունը, խնդիրը մեկ այլ կողմ էլ ունի։ Մենք սովորենք անհասկանալի մեծ սպասումներ ձևավորել, նկարագրել դրանք ողջ ուժով ու գունազարդելով, իսկ հետո նույնիսկ դրա կեսին հասնելով, միևնույն է, ասում ենք՝ դե բան չստացվեց:
Սեպտեմբերի կեսերից համակարգային փոփոխություններ ենք սպասում ու մեկ ամսից ավել է չենք տեսնում: ՀԱՊԿ-ում հայ էին նշանակում, մեկ ամսից ավել է տարբեր թեկնածուների «ոսկորներն աղացինք» ու վերջում գոնե մի հայի աշխատանքի հարց չլուծեցինք:
Ունենալով հնարավորություն ներկայացնելու «Վերջին բնակիչը» ֆիլմն Օսկարի, այլ ֆիլմի համար կոնսոլիդացիա արեցինք ու պարզվեց՝ ոչ ոք չգիտեր, թե դա ինչ է, ու հիմա….
Չի՛ կարելի ձևավորել սպասումներ, որոնց հետևից իրականում չենք գնալու ու պայքարելու մինչև վերջին «փամփուշտը»: Չի՛ կարելի ասել «անելու ենք» առանց պատկերացնելու, թե ինչ է քեզ սպասում: Կառավարությանն այսօր իսկական կամիկաձեներ են պետք, որ քանդեն հին համակարգը, այլ պարագայում համակարգն է նրանց «փոխելու»:
Մշակույթից խոսելուց վստահ լինենք, որ հենց Երևանում է քայլում Օսկարի մրցանակակիրը, այլ պարագայում Օսկարը չի գա մեր տուն: ՀԱՊԿ-ն արհեստական է, իսկ մեր անվտագության խնդիրներն՝ իրական. սպասումներ ՀԱՊԿ-ից պետք չի ունենալ, պետք է հզորանալ ու այնպես անել, որ ՀԱՊԿ-ը մեզնից ինչ-որ սպասելիք ունենա:
Այ այդ ժամանակ միայն մենք կկարողանանք սպասելիք ունենալ:
Իսկ այսպես 1 միլիոն սպասումներով ու գործողություններով լավագույն դեպքում հասնելու ենք դրա 10 տոկոսին ու միշտ հիասթափված ենք լինելու, միշտ սրտնեղած, և միշտ էլ ունենալու ենք շաբաթներ, որոնք ոչնչով էլ չեն հիշվելու:
Դուխով։ Լավ է լինելու»։