Հայաստանում արդեն սկսել են քաղել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի պտուղները։ Ճապոնիայից ներկրված մի քանի ավտոմեքենաներ, որոնք չեն հասցրել մինչև մարտի 31-ի կեսգիշերը հատել հայ-վրացական սահմանը, մինչև հիմա կանգնած են չեզոք գոտում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Autocom Japan ճապոնական ընկերության մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Դավթյանը։
Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը` չնայած հասարակության բողոքին, ուժի մեջ է մտել 2018թ-ի ապրիլի 1-ին։ Հայաստանի տրանսպորտի նախարարությունն այդ արգելքը բացատրում է հետևյալ կերպ` մեր երկրում աջակողմյան երթևեկություն է, և աջ ղեկով մեքենաների շահագործումը վտանգավոր է։
«Մի քանի մեքենաներ, որոնք չեն հասցրել հատել հայ-վրացական սահմանը մինչև մարտի 31-ի ժամը 24։00-ն, մնացել են չեզոք գոտում։ Վարորդները փորձել են անցնել սահմանը, բայց քանի որ արդեն եղել է ապրիլի 1-ի 00։30-ը, նրանց չեն թողել։ Ավելին, թույլ չեն տալիս ավտոմեքենաները հետ տանել Վրաստան։ Հիմա մենք որոշում ենք, թե ինչպես դուրս գանք դրությունից», — ասաց Դավթյանը։
Դավթյանը ստեղծված իրավիճակը բացատրում է նրանով, որ Ճապոնիայից Հարավային Կովկաս ավտոմեքենաներ ներկրելու համար երկար ժամանակ է պետք. մինչ Հայաստանի խորհրդարանն ընդունում ու հաստատում էր օրենքը, շատերը ավտոմեքենաներ էին գնում Ճապոնիայից, բայց դրանց առաքման գործընթացը տևում է 3-4 ամիս, որոշ դեպքերում` ավելի երկար։
Ավտոմեքենան երկար ճանապարհ է անցնում մինչև գնորդին հասնելը։ Միայն կոնտեյների մեջ բեռնելը, որում 6-8 ավտոմեքենա է տեղավորվում, կարող է մեկից մինչև մի քանի օր տևել։ Հետո ավտոմեքենաներով բեռնված կոնտեյները 15 օր մնում է թուրքական նավահանգստում, ևս 3-10 օր էլ` Փոթիի նավահանգստում։
Ինչպես նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը, գնված ավտոմեքենաների հոսքը չի դադարի մինչև ապրիլի վերջ։ Իրավիճակից դուրս գալու միակ ելքը Վրաստանում ղեկը փոխելն է։ Դավթյանը վստահ է, որ ավելի տրամաբանական կլինի, եթե իշխանությունը թույլ տա աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան, բայց շահագործել միայն ղեկը փոխելուց հետո։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am