Երևանը շուտով կունենա իր ծաղիկը ու բույրը
Advertisement 1000 x 90

Երևանը շուտով կունենա իր ծաղիկը ու բույրը

Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին «Արմենպրես»ի հետ զրույցում ներկայացրեց քաղաքապետարանի առաջիկա պլանները, պատմեց արդեն իսկ ձեռնարկած նախագծերի մասին և այն մասին, որ Երևան քաղաքը շուտով կունենա իր բրենդը։

Ի՞նչը ոգեշնչեց կամարանցումներում, շենքերի և ավտոտնակների վրա գունազարդումներ անել: 

– Երևան քաղաքում արդեն վեց տարի է իրականացնվում են գունազարդման աշխատանքներ։ Ի սկզբանե աշխատանքներն սկսեցինք շենքերի ճակատների գունավորումից, որը բավականին լավ արձագանք ստացավ մեր բնակչության շրջանում և ամբողջությամբ կարելի է ասել փոխեցինք քաղաքի տեսքը։ Այն ժամանակ, եթե հիշում եք, ամբողջությամբ մոխրագույն բետոնե պատեր էին, որոնք խորհրդային տարիներին էին ընդուն ված։ Այն ժամանակ, եթե տուֆից շենքեր չէին կառուցում, ապա դրանք բետոնից էին լինում և չէին ներկվում։ Հիմա մենք որոշեցինք գունավորել մեր քաղաքը և փոխել տեսքը։ Շենքերից հետո որոշեցինք գունազարդել նաև կամարանցումները։

Ավելի քան 150 կամարանցում վերանորոգվել և նկարազարդվել է մեր քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում։ Չէինք ցանկանում, որ միագույն ներկվեին կամարանցումները, այլ հենց ինչ-որ պատկերներ նկարվեին, որպեսզի մեր աշխատանքները վանդալիզմին «զոհ» չգնային։ Ընդամենը մեկ կամ երկու դեպք է եղել, երբ պատկերները վանդալների կողմից աղավաղվել են, բայց այդ հարցերը լուծվեցին։ Նկարազարդումների մեր մյուս կետը բակային տարածքներն էին։ Այդ միտքն առաջացավ, քանի որ բակերում շատ ավտոտնակներ կան, պարսպապատ տարածքներ, որոնք շատ անշուք են, և հենց դրա համար որոշեցինք դրանց վրա նույնպես նկարել։ Տարբեր թեմատիկ լուծումներ կան՝ ուսուցողական, հեքիաթային և ուղղակի գեղեցիկ պատկերներ։ Այս ամենից էլ շատ լավ արձագանքներ ստացանք, և հիմա ամեն տարի այդ փոփոխություններն իրականացվում են բոլոր շրջաններում։

Կա՞ն պլանավորված աշխատանքներ, որոնք դեռ չեք իրականացրել: 

– Այս տարի պլանավորած է 230 բակային տարածքներում բարեկարգման աշխատանքներ իրականացնել։ Բոլոր վարչական շրջաններում դրանք պետք է արվեն։ Անընդհատ շեշտում եմ, որ բոլոր վարչատարածքներում են աշխատանքներ տարվում և տարվելու, քանի որ քաղաքապետի որդեգրած քաղաքականությունն է, որպեսզի համաչափ զարգացում լինի քաղաքի բոլոր հատվածներում։ Այժմ կամաց-կամաց արվում է այդ ամենը։

Քանի՞ տարի է արդեն իրականացվում նստարանների և աղբամանների տեղադրման գործընթացը և քանի՞ հատ կա տեղադրված քաղաքում: 

– Արդեն 4 տարի է այդ գործընթացն իրականացվում է։ Այս ընթացքում տեղադրվել է մոտ 450 նստարան և 610 աղբաման։ Բայց պետք է փաստեմ, որ շատացել են վանդալիզմի դեպքերը քաղաքում, ինչը ցավալի է։ Վանդալները կոտրում են նստարաններն ու աղբամանները։ Ոոստիկանությունը զբաղվում է այդ հարցով, որպեսզի գտնի մեղավորին։ Բայց լինում են դեպքեր, երբ, օրինակ, վթարի պատճառով է գույքը կոտրվում կամ վնասվում։ Այդպիսի դեպքերի համար քաղաքապետարանն ամեն տարի վերանորոգման գումար է հատկացնում։ Գոյություն ունի հիմնանորոգում և արտաքին տեսքի թարմացում։ Այս դեպքում նստարաններն ու աղբամանները, որքան էլ որակով լինեն, որքան էլ լաքապատում ունենան, միևնույն է, թարմացնելու կարիքը զգացվում է։ Ամեն տարի մարտից մինչև օգոստոս աշխատանքներ են տարվում և ամեն ինչ վերանորոգվում է։

Ինչպիսի՞ նոր նախագծեր կան, որ առաջիկայում պիտի ներկայացնեք: 

– Շատ նախագծեր ունենք։ Օրինակ՝ դիտահորերի ձևավորման աշխատանքներ պիտի իրականացվեն։ Վերջերս Օպերայի և բալետի թատրոնի բակում տեղադրվեցին վեց դիտահոր, որոնցից մեկի վրա, պատկերված է «Անուշ» օպերայից սիմվոլիկ մի տեսարան։ Որոշված է սկսել Կենտրոն վարչական շրջանից և հետո անցնել մնացած բոլոր վարչատարածքներին։ Հենասյուների հետ կապված հետաքրքիր նախագիծ պիտի իրականացնենք։ Արդեն փորձնական աշխատանք արվել է։ Հատուկ նյութ է քսվում դրանց վրա, որը թույլ չի տալիս, որպեսզի վրան ինչ-որ թուղթ կպչի։

Չնայած կան մարդիկ, ովքեր կպչուն ժապավեններով փակցնում են իրենց հայտարարությունները։ Եվ փորձնական աշխատանքների ժամանա կ, այդ նյութի շնորհիվ, մեկ օրվա ընթացքում հնարավոր դարձավ, ամբողջ Կենտրոն վարչական շրջանում գտնվող հենասյուներից հեռացնել այդ թղթերը։ Նաև փոփոխվելու է Երևանի լուսավորությունը։ Մաշտոցի պողոտայում արդեն իրականացվել է այդ նախագիծը և այժմ շարունակվելու է։

Տեղադրվելու են լեդ լույսեր, որոնք, և՛ խնայում են, և՛ լավ լուսավորություն են ապահովում։ Խնայած գումարի շնորհիվ հնարավոր է լինում բոլոր փողոցներում տեղադրել լեդ լույսեր։ Շատ հետաքրքիր մի գաղափար էլ կա։ Կասկադ համալիրի տարածքում գործող բոլոր սրճարանների ծածկերի գույնն արդեն նույնն է , գունային խայտաբղետություն չկա։ Արդեն եկող տարի այս նախագիծը կշարունակենք մյուս վարչական շրջաններում էլ իրականացնել։

Ե՞րբ է Երևանը ունենալու իր բրենդը: 

– Դա ամենակարևոր հարցերից մեկն է, որի շուրջ արդեն երեք տարի է աշխատում ենք։  Շատ բարդ և ծավալուն պրոցես է։ Երկու տարի առաջ մենք հրավիրեցինք մասնագետներ Լոնդոնից, ովքեր հենց բրենդինգով են զբաղվում։ Նրանք բավականին լուրջ հետազոտություն անցկացրեցին Երևանում ու մոտ 1500 հոգու հետ հարցազրույց վարեցին։ Այդ հարցվածներ ի մեջ կային տարբեր ոլորտներում աշխատող մարդիկ՝ արվեստագետներ, դիզայներներ, ուղղակի անցորդներ։ Մասնագետները ցանկանում էին հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Երևան քաղաքը։ Բոլորի մոտ կարծրատիպ կա, որ Երևանը վարդագույն քաղաք է, սակայն այդ վարդագույն քաղաքն արդեն չկա։ Հիմա պետք է գտնել, թե որն է իրականում մեր քաղաքի սիմվոլիկան։ Այժմ մեծ թիմ է հավաքվել, ովքեր աշխատում են Երևանի բրենդը ստեղծելու ուղղությամբ։ Ասեմ, որ մտահղացում կա, որ Երևանը ունենա իր ծաղիկը, իր բույրը։

Օրինակ, երբ զբոսաշրջիկները քայլելիս զգան այդ հոտը, հետո իրենց երկրում լինեն, քայլեն իրենց քաղաքում, զգան այդպիսի կամ նմանատիպ հոտ, մի անգամից հիշեն Երևանը։ Իհարկե, այս ամենը շատ բարդ աշխատանք է։ Մոտավորապես 20 դիզայներ է աշխատում մեր քաղաքի բրենդը ստանալու համար։ Երբ այս գործընթացն ավարտվի, Երևանն ամբողջությամբ կփոխվի, սկսած գովազդային վահանակների ձևերից, շենքերի վրա փակցված այլ գովազդներից…

Հարցազրույցը` Լիլիթ Դեմուրյանի



Նման նյութեր