168.am-ի զրուցակիցն է պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն (Սիպիլ Բեքթորոսօղլու)։ Սիբիլը Թուրքիայում ճանաչված է հայկական երգարվեստի տարբեր ժամանակների լավագույն ստեղծագործությունների կատարումներով, այդ թվում՝ պատմական հայրենիքին նվիրված 19-20-րդ դարերում գրված քնարական երգերով։
2010թ. նոյեմբերին երգչուհին թողարկել է իր հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ գտած «Նամակ» երգը մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում։ «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակն առաջին հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ։
Երգչուհու հետ զրուցեցինք Երևան այցելության, նպատակների և ապագա ծրագրերի մասին:
– Սիբիլ, վերջերս Երևանում մասնակցեցիք Դանիել Դեքերի համերգին։ Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը երաժշտի հետ։
– Դանիելի հետ մոտ մեկ տարի առաջ Անդրե Սիմոնյանի (The Beautified Project խմբի վոկալիստ, կիթառահար.- Կ.Ղ.) միջոցով եմ ծանոթացել և Facebook-ով ընկերացել: Իրար հետ մեր ստեղծագործությունների մասին էինք զրուցում: Մի քանի ամիս առաջ Դանիելն ինձ Երևանում կայանալիք համերգի մասին գրեց, փափագ հայտնեց, որ շատ ուրախ կլինի, եթե ես էլ ներկա լինեմ համերգին: Դանիելի արվեստի հանդեպ շատ մեծ համակրանք ունեմ: Ինձ համար պատիվ էր այդ առաջարկը: Սիրով ընդունեցի, և հոկտեմբերի 10-ին միասին շատ լավ համերգ ունեցանք:
– Օրեր առաջ Երևանում կայացավ ձեր «Վանայ լիճին» (To Lake Van) երգի պրեմիերան։ Կպատմե՞ք տեսահոլովակի և երգի խորհրդի մասին: Երգը կարոտի, հույսի երգ է կարծես։
– Երգը զրույց է Վանա լճի հետ, այն հայի կարոտների և երազանքների մասին է: Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, ռեժիսորը՝ Մարիամ Գևորգյանը, իսկ պրոդյուսերն Անդրե Սիմոնյանն է: Անդրեի շնորհիվ շատ լավ խումբ կազմվեց այս երգի իրագործման ժամանակ: Հատուկ տեսահոլովակի համար պատրաստվեց հագուստը, որը կրում եմ: Զգեստի ներքևի հատվածը բատիկա է, որը երիտասարդ նկարչուհի Սյուզի Հակոբյանի ձեռքի աշխատանքն է:
– Սիբիլ, դուք ընդգրկված էիք Անդրե Սիմոնյանի «Ներդաշնակության մեղեդի» ծրագրի մասին նկարահանված վավերագրական ֆիլմի աշխատանքներում, որը նկարահանվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ։ Ո՞րն էր նախագծի նպատակը:
– Կարող եմ ասել, որ մինչև հիմա իմ մասնակցած ամենահատուկ, ամենաանմոռանալի ծրագրերից մեկն էր Melody For Harmony նախագիծը: Երբ Անդրեն պատմեց ինձ ծրագրի մասին, ես խոստացա, որ կարող եմ ամենալավ երաժիշտներին գտնել և օգնել հնարավորինս: Ֆիլմում հանդես եկող 4 թուրք երաժիշտներն իմ շատ լավ ընկերներն են: Իրենք էլ շատ մեծ սիրով ու հուզմունքով ընդունեցին իմ առաջարկը:
Արվեստը պետք չի խառնել քաղաքականությանը: Այս նախագիծը մի փաստ էր, որ բեմի վրա գտնվող 9 երաժիշտները որքան լավ, որքան ներդաշնակ էին, որքան հրաշալի հնչեց ամեն մի ստեղծագործություն: Երևանում, հետո Պոլսում համերգներ ունեցանք: Այս նախագծի հետ կապ ունեցող ամեն մի մանրամասնություն վավերագրվեց և մի քանի օր առաջ ցուցադրվեց. Ուրախ էին թե՛ Beautified Project խմբի անդամները, թե՛ թուրք երաժիշտները: Իմ կարծիքով՝ պատմության մեջ մնալու արժանի հատուկ նախագծերից մեկն էր:
– Ձեր հարցազրույցներում հաճախ ասում եք, որ Ձեր ամենամեծ փափագներից մեկը, գեղեցիկ երգերից բացի, հայերենին օտարներին ծանոթացնելն է: Ինչպե՞ս է ընդունում Ձեզ թուրք հանդիսատեսը։
– Շատ մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ ունեմ թուրք ունկնդիրներ: Կան «բառ մը չի հասկնալով՝ ձեր երգերը մեր սիրտերուն կը խոսին» ասող մարդիկ: Հուսով եմ՝ նախ Թուրքիո մեջ, հետո՝ օտար ազգերի մեջ ձայնս ավելի լսելի դարձնել: Ինձ համար մայրենի լեզուս շատ կարևոր է: Ինչո՞ւ հայերեն մի երգ մի օտար ազգի կողմից հիթ դառնալով՝ չընդունվի:
– Դժվար չէ՞ հայ երգչուհու համար կարիերա կերտել Թուրքիայում։ Ձեր «Նամակ» երգն առաջին հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրվեց թուրքական պետական հեռուստատեսությամբ։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։
– Այո՛, դժվար է, անշուշտ, մասնավորապես՝ այս շրջանում: Թուրքիո օրակարգն ամեն օր փոխվում է: Անշուշտ, տեսահոլովակներս թուրքական երգերի նման հաճախակի չեն ցուցադրվում, բայց ես ամեն ինչի համար ջանք եմ թափում: «Նամակ» երգս բախտ ունեցավ Թուրքիո առաջին հայալեզու երգը լինելով՝ պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել: Հուսամ՝ բոլոր հայալեզու տեսահոլովակներն ավելի շատ թուրքական հեռուստաալիքներով կցուցադրվեն:
– Արվեստն ազգություն ճանաչո՞ւմ է։
– Արվեստն ազգություն չի ճանաչում: Ես ունեմ թուրք երաժիշտ շատ լավ ընկերներ, որոնց համերգներին հայերեն երգեր եմ երգում: Ինձ համար շատ կարևոր է թուրք լսարանի առաջ հայերեն լեզվով հանդես գալը …
– Ի՞նչ պլաններ, համագործակցության ի՞նչ առաջարկներ ունեք։ Նոր ալբոմի կամ երգերի վրա աշխատանքներ կատարվո՞ւմ են։
– Նոյեմբերի 4-ին Լիբանանում՝ Համազգայինում, համերգ պետք է ունենամ: Կան համերգային առաջարկներ: Շուտով Անդրե Սիմոնյանի հետ անակնկալներ կմատուցենք: Հուսով եմ՝ շատ շուտով ձեզ կմատուցենք այդ անակնկալները:
ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ