Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մաշտոցի պողոտան պիկ ժամին 10 հոգով փակելը և Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն դեմ լինելը իրար հետ ի՞նչ կապ ունեն, եթե Սերժ Սարգսյանը այդ պահին այդտեղով չէր երթևեկում, չէր քայլում կամ վարչապետ դառնալու հետ կապված որևէ արարողություն չէր կատարվում:
Այդ ակցիան միայն լրացուցիչ անգամ լարեց մեր շարքային քաղաքացիների նյարդերը՝ առանց այդ էլ այդ ժամերին արդեն սովորական դարձած խցանումները անտանելի են: Նման քայլը, մարդկանց նման քանակով, նման պահանջով, հաշվի առնելով թե ում էր այն փաստացի ուղղված, չեմ կարծում թե կունենա որևէ արդյունավետ ելք:
Ես զերծ եմ մնում որևէ քաղաքական գործչի կամ քաղաքացիական ակտիվիստի խորհուրդ տալուց, ես շարունակում եմ մնալ իրավական պետության կառուցման ջատագով և չեմ կարծում, որ մարդկանց անիմաստ արհեստական խցանման մեջ պահելը այս դեպքում լուրջ քայլ է այդ ուղղությամբ:
Հ.Գ. Ի դեպ, ոստիկանության գործողությունը նորություն էր, վերջապես բաժին անիմաստ տանելու պրակտիկան ճաք տվեց, ընդ որում ոչ թե բարի կամքի դրսևորման պատճառով, այլ օրենքի հիման վրա, ինչը չի կարող չզարմացնել: Վարչարարությունը փաստորեն ավարտվեց առանց անիմաստ թղթաբանության՝ բերման, անձնական խուզարկության, վարչական իրավախախտման արձանագրությունների. ոչ հաճելի ժամանակ ոստիկանության բաժնում անցկացնելու և այլն:
Փաստորեն ականատես եղանք բանավոր վարչական ակտի, ինչը նախկինում գրեթե չի հանդիպել: Հուսանք, որ ավելի լուրջ, բայց էությամբ խաղաղ ակցիաների ժամանակ, ոստիկանությունը կփորձի ևս մնալ օրենքի շրջանակներում: Հա մեկ էլ վերջապես աղջիկներին <ձեռք գցելու> հակում ունեցող ոստիկաններից երևի ազատվեցին»: