ՀՀ ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել այն մասին, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե գնահատի, որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ ոստիկանությունում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում մայրաքաղաքի առանձին կազմակերպություններից, այդ թվում՝ ուսումնական և բժշկական հաստատություններից առ այն, որ հավաքի մասնակիցների գործողություններով այսօր առավոտից էապես խոչընդոտվում է իրենց բնականոն գործունեությունը: Շարունակվում է սահմանափակվել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Նման իրավիճակը հանգեցրել է այլ անձանց հիմնական իրավունքների և հանրության շահերի սահմանափակմանը:
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե գնահատի, որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին՝ անվերապահորեն կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հավաքի կազմակերպչի պարտականությունները, մասնավորապես՝ դադարեցնել փողոցների շրջափակումը և ապահովել հավաքի բնականոն ընթացքը»: