Այսօր առավոտվանից Գյումրիում նույնպես խառնաշփոթ է: Գյումրեցիները նախ շրջափակեցին Շիրակի մարզպետարանի շենքը և հարակից Գարեգին Նժդեհ փողոցը՝ կաթվածահար անելով երթևեկությունը, իսկ րոպեներ առաջ Լևոն Բարսեղյանի որդու՝ Հայկ Բարսեղյանի գլխավորությամբ մեկնարկեց ավտոերթ Գյումրու փողոցներով, որից հետո ակտիվիստները միանալու են Երևանում պայքարողներին:
Ավելացնենք, որ Գյումրու փողոցներում այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացել և փորձում են վերահսկել իրավիճակը:
Ակտիվիստների հետ զրույցում պարզեցինք, որ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը առավոտյան աշխատանքի է եկել, նկատել է իրենց կողմից բերված ավտոմեքենաների շարասյունը, սակայն որևէ կերպ չի արձագանքել, նման վարքագիծ են դրսևորել նաև մյուս պաշտոնյաները:
Ակտիվիստները նշեցին նաև, որ երեկ գրանցվել են դեպքեր, երբ Գյումրիից մայրաքաղաք մեկնող երիտասարդներին ոստիկաններն արգելել են դուրս գալ քաղաքից, անգամ բջջայիններն են ձեռքերից խլել: Ավելացնենք, որ այս պահին գյումրեցի մի խումբ երիտասարդներ, պատրաստվում են շարժվել երևանյան օրակարգով, փակել քաղաքի կենտրոնական փողոցները, կաթվածահար անել երթևեկությունը: