Միջազգային մամուլն անդրադարձել է Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող բողոքի ցույցերին:
Մասնավորապես, BBC-ն գրում է, որ երկուշաբթի առավոտյան ցուցարարները փակել են Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ, մտել են Մանկավարժական համալսարանի շենք և կոչ արել ուսանողներին միանալ իրենց ցույցին:
Deutsche Welle-ն գրում է, որ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պառկում են ճանապարհների վրա՝ փակելով մեքենաների ճանապարհը, կենտրոնում երթևեկությունը գործնականում կաթվածահար վիճակում է: Երևանյան ցույցերին անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները:
Meduza.io-ն գրում է, որ Երևանում ընդդիմության ներկայացուցիչները զանգվածային բողոքի ցույց են սկսել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: «Քաղաքացիական անհնազանդության ակցիայի» մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փակել են ճանապարհները, մետրոյի աշխատանքը մասամբ է իրականացվում: Ոստիկանությունը հայտարարել է, որ «ակտիվիստների բոլոր գործողություններն անօրինական են, դրանով նրանք սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը»:
RBK-ն գրում է, որ Երևանում ուսանողներն իրավապահներից պահանջում են չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը: Ընդդիմադիրները փակել են ճանապարհները, իսկ իրավապահները շրջափակել են կառավարական շենքերը: