Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Նյուքասլից» կրած պարտությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հրաժարականի հարցը կրկին դարձավ օրակարգային: Լոնդոնյան ակումբը վերջնականապես կորցրեց հնարավորությունը լավագույն քառյակի համար պայքարելու:
«Այսքանից հետո Վենգերը մտածում է Եվրոպա լիգայի գավաթի մասին: Ուղղակի ծիծաղելի է: Ի՞նչ եք կարծում՝ «Նյուքասլից» պարտվող թիմը կարո՞ղ է դիմադրություն ցույց տալ Մադրիդի «Ատլետիկոյին»: Պատասխանն ակնհայտ է՝ Վենգերը ձախողվելու է նաև միջազգային ասպարեզում: Իրավիճակը այս պահին կարող է շտկել միայն «Արսենալի» ղեկավարությունը՝ հայտարարելով մեր թիմի նոր մարզչի անունը, որը փոխարինելու է Վենգերին: «Էմիրեյթս» մարզադաշտը վերջնականապես կդատարկվի»,- «Նյուքասլի» հետ հանդիպումից հետո թվիթերյան իր էջում հայտարարել է լոնդոնյան ակումբի հայտնի ֆանատներից @Marc78-ը:
«Նյուքասլի» դեմ տեսանք այն «Արսենալը», որն ըստ էության շարունակ ձախողվում է Պրեմիեր լիգայում: Խաղացողների մոտ չէր նկատվում հաղթանակի ձգտում, մոտիվացիա, որը հաղթանակների հիմքն է: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Վենգերը բավական հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել. «Այս պարտությունը բնութագրում է «Արսենալի» անցկացրած մրցաշրջանը: Հանդիպման ընթացքում մենք 70 տոկոսով տիրեցինք գնդակին, հաղթում էինք 1:0 հաշվով: Ինչպե՞ս մենք պարտվեցինք: Այս հարցի պատասխանը ես չեմ կարող գտնել: Կարծում եմ՝ հանդիպման ելքը վճռվեց ընդմիջմանը: Որոշ ֆուտբոլիստներ ուղղակի չդիմացան ֆիզիկապես: Մավկովյան հանդիպումը ծանր էր մեզ համար: Ընդունենք նաև, որ երկու գոլերն էլ բաց թողեցինք չեղած տեղից: Շատ եմ հիասթափված: Կարծես թե վատ չենք խաղում, բայց պարտվում ենք: Պետք է վերջ դնել այս երևույթին: Այս պարտությունները շատ դժվար է մարսելը»,- նշել է Վենգերը:
Ամբողջությամբ՝ 1in.am