Իր ելույթում 3-րդ նախագահը նախ շնորհակալությունը հայտնեց ՀՅԴ-ին և ՀՀԿ-ին իր թեկնածությունը առաջադրելու և պաշտպանելու համար: Նա խոսեց 2014 թվականին տված իր այն խոստման մասին, ըստ որի՝ չի հավակնելու վարչապետի պաշտոնին.
«Հարց է ծագում. մի՞թե չէի կարող կանխատեսել այս օրը Սահմանադրական բարեփոխումների հենց առաջին օրը, երբ հայտարարում էի, որ պառլամենտական կառավարման մոդելի անցնելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտոնին: Իհարկե կանխատեսում էի և այդ մասին արդեն առիթ եմ ունեցել խոսելու: Նորից չեմ խոսի քաղաքական համատեքստն ընկալելու և իմ հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, բայց կավելացնեմ մի միտք: Այսօր այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ, քաղաքական, պետական գործիչ Սերժ Սարգսյանը, որ ՀՀ երրորդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այսօր այստեղ գործ չունի անելու: Այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարցը: Այսօր ելույթ է ունենում խորհրդարանի մեծամասնությունը կազմող Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահը: Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը՝ իշխանության գործադիր և օրենդսիր թևերում»: