Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում երկրորդ անգամ նշանակված Վարդան Մինասյանը հայտարարել է, որ ազգային թիմի մարզչական շտաբում կընդգրկվի նաև հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի դարպասապահների մարզիչ աշխատող 43-ամյա Ռոման Բերեզովսկին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ազգային հավաքականում իր ծրագրերի մասին:
Ռոման, Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնել է Ձեզ հրավիրելու մասին: Ինչպե՞ս արձագանքեցիք այդ առաջարկին:
Պաշտոնում նշանակվելուց հետո Մինասյանը զանգեց ինձ և առաջարկեց ընդգրկվել ազգային թիմի մարզչական շտաբում: Ես ուրախությամբ ընդունեցի առաջարկը: Օգտվելով ընդմիջումից ակումբում՝ մայիսի վերջում կկարողանամ միանալ հավաքականին, որը կպատրաստվի ընկերական հանդիպումների:
Կարիերայի ավարտից երեք տարի անց վերադառնում եք հավաքական արդեն մարզիչի կարգավիճակում: Ի՞նչ նպատակներ կունենաք ազգային թիմում, որին նվիրել եք Ձեր ֆուտբոլային կարիերայի մոտ 20 տարին:
Գլոբալ նպատակն է ստեղծել լավ մթնոլորտ, որը կհամախբի թիմին և կվերադարձնի երկրպագուների հավատը հավաքականի նկատմամբ:
2017թ. հոկտեմբերին «Դինամոյի» գլխավոր թիմի մարզչական շտաբից հեռանալուց հետո տեղափոխվեցիք մոսկովյան ակումբի երիտասարդական թիմ: Ի՞նչ տվեց Ձեզ «Դինամոյում» աշխատելու փորձը: Եվ պատրաստվո՞ւմ եք համատեղել աշխատանքը ազգային հավաքականում և «Դինամոյի» երիտասարդական թիմում:
Արդեն երեք տարի դարպասապահների մարզիչ եմ: Կուտակել եմ որոշակի փորձ մարզումային միկրոցիկլ կազմելու, խաղերին պատրաստվելու և այլ նրբությունների վերաբերյալ:
«Դինամոյի» նախկին ղեկավարության հետ ունեի պայմանավորվածություն, որ հավաքականից հրավեր ստանալուց հետո կարող եմ համատեղել երկու աշխատանքը: Այժմ ունենք նոր ղեկավարություն, որի հետ այս հարցը դեռ չեմ քննարկել:
Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին հնարավոր է «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի մասնակցությունը: Ծանո՞թ եք նրա խաղային որակներին և Հայաստանի հավաքականի մյուս թեկնածու-դարպասապահների հետ:
Ծանոթ եմ շատերի հետ, գիտեմ նրանց հնարավորությունների և ֆիզիկական տվյալների մասին: Նրանց հետ ծանոթանալու համար ժամանակ չի պահանջվի: Այդ իմաստով ոչ մի խնդիր չի ծագի:
Իհարկե, Յուրչենկոն միշտ իմ տեսադաշտում է, քանի որ հանդես է գալիս «Տոսնոյում»: Կարծում եմ՝ լուրջ մակարդակում մրցելույթների փորձ ունեցող բոլոր խաղացողներն էլ կարող են օգուտ տալ մեր հավաքականին: Միշտ լավ է, երբ մարզիչն ունի լայն ընտրության հնարավորություն:
Հաջողվե՞ց դիտել Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումները Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ազգային թիմի հնարավորությունները Ազգերի լիգայում:
Կարծում եմ՝ Ազգերի լիգայում մենք ունենք մեծ հնարավորություն: Մենք կարող ենք հասնել լավ արդյունքի այդ թիմերի հետ պայքարում: Ընկերական հանդիպումները չկարողացա դիտել երիտասարդական թիմի խիտ խաղային գրաֆիկի հետևանքով: Միայն հանդիպումների տեսություններն եմ դիտել և ամբողջական պատկեր չունեմ: Չեմ կարող ասել, որ Հայաստանի թիմը ոգեշնչված էր այդ հանդիպումների ժամանակ: Ազգային հավաքականում պետք է ավելի մեծ ներշնչանքով խաղալ