Տրանսֆերային շուկան ուսումնասիրող հեղինակավոր պարբերականների վարկածով՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս պահին գնահատված է 43 միլիոն եվրո: Այդ 43 միլիոն եվրոն ներառում է ազգային թիմի թեկնածու 25 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Նշենք, որ անցյալ տարի հավաքականի ընդհանուր արժեքը մոտ 47 հազար եվրո էր:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխության չի ենթարկել և շարունակում է կազմել 35 միլիոն եվրո: Փաստորեն, արժեքային տեսանկյունից Մխիթարյանի տրանսֆերը կազմում է Հայաստանի հավաքականի 81 տոկոսը:
Փորձագետները, գնահատելով Հայաստանի հավաքականը, հաշվի չեն առել Շվեդիայի «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը: Ինչպես վերջերս հայտարարել էր մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ Մովսիսյանին նորից կտեսնենք Հայաստանի մարզաշապիկով, եթե բավարար մարզավիճակում լինի: Ուստի մեր հավաքականի ընդհանուր արժեքին կարելի է ավելացնել նաև Մովսիսյանի տրանսֆերային գինը, որը կազմում է երկու միլիոն եվրո:
Նշենք, որ Մովսիսյանը Մխիթարյանից հետո հայաստանցի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստն է: Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակից» ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» էր տեղափոխվել 3 միլիոն եվրոյով: Այս հաշվարկում երրորդ հորիզոնականում էր պորտուգալական «Մարիտիմուի» հարձակվող Գևորգ Ղազարյանը: Ամիսներ առաջ մեր ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում էր մեկ միլիոն եվրո: Վնասվածքի պատճառով տևական ժամանակ ելույթ չունենալու հետևանքով Ղազարյանի տրանսֆերն այս պահին գնահատված է 750 հազար եվրո:
Ամբողջությամբ՝ 1in.am