Գլենդելի քաղաքային խորհուրդը քաղաքապետարանի աշխատակազմին կարգադրել է կազմել Հայ-ամերիկյան թանգարանի հողատարածքի վարձակալության վերջնական պայմանագիրը 95 տարվա վարձակալության պայմանով՝ տարեկան 1 դոլար վարձով։ Խորհուրդը նաև հավանություն է տվել Հայ-ամերիկյան թանգարանի նախագծման առաջին փուլին։
Հայոց ցեղասպանության 103-րդ տաերլիցի նախօրեին թանգարանի ստեղծման կողմնակիցները և հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Գլենդելի քաղաքապետարանում՝ քաղաքային խորհրդի պատմական քվեարկությանն ականատես լինելու համար։ Թանգարանի ներկայացուցիչները ներկայացրել են 59,800 քառակուսի ֆունտ մակերեսով երեքհարկանի մշակութային և կրթական համալիրի իրենց տեսլականը, որը տեղակայված կլինի Կենտրոնական պուրակի հարավ-արևմտյան հատվածում։
Թանգարանում կանցկացվեն ցուցահանդեսներ,կլինի կատարողական արվեստի թատրոն, ցուցադրական խոհանոց, ուսումնական կենտրոն, արխիվ, սրճարան և խանութ։
«Մենք ուրախ ենք, որ Գլենդելի քաղաքային խորհուրդը և Գլենգելի պաշտոնյաները կիսում են համաշխարհային մշակութային և կրթական կոնտրոնի ստեղծման մեր տեսլականը , որը մեր համայնքի հպարտությունը կլինի»,-հայտարարել է թանգարանի համանախագահ, արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը։
«Հայ-ամերիկյան թանգարանը պատմական նախագիծ է, որը հռչակում է մշակույթը, կրթությունը և ընդլայնում հնարավորությունները, ինչպես նաև որպես կամուրջ կծառայի՝ միավորելով համայնքի տարբեր անդամների»,- նշել է թանգարանի համանախագահ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը։