Ապրիլի 19-ին առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բողոքի ակցիայի ժամանակ Կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքում քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը։ Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոնիսյանի, քաղաքացիական հագուստով այդ անձինք ոստիկանության աշխատակիցներ են։ Ականատեսների վկայությամբ, դեպքի վայրում եղել են նաև ոստիկաններ, որոնք չեն փորձել կանխել լրագրողի նկատմամբ բռնության կիրառումը։
Տիրայր Մուրադյանին դեպքի վայրից տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները լրագրողի մոտ ախտորոշել են ձախ ծոծրակային շրջանի վնասվածք, այտուց: Բարեբախտաբար, լրագրողի մոտ նյարդաբանական որևէ խնդիր չի առաջացել (ախտորոշման մասին Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահին տեղեկացրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռ. Վարոսյանը):
ՀՀ գլխավոր դատախազության կողմից դեպքի առթիվ մամուլում հրապարակված տեղեկությունները՝ Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս բռնության ենթարկվելու մասին, ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու և նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքը, որը երկրորդ նման միջադեպն է՝ նախօրեին Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագրի նկատմամբ կիրառված բռնությունից հետո։
Իրավապահ մարմիններից պահանջում ենք հետամուտ լինել տեղի ունեցածի բոլոր հանգամանքների պարզմանը և պատասխանատվության ենթարկել հանցագործության մասնակիցներին։ Ոստիկանությունից պահանջում ենք պարզաբանում՝ արդյոք լրագրողին ծեծի ենթարկող անձինք իսկապե՞ս ոստիկաններ են։ Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա պահանջում ենք ծառայողական քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողներին։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հետամուտ է լինելու լրագրողների նկատմամբ կիրառված բռնության և լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողություններին՝ դրանց բոլոր իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար։
Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կիզակետում առաջին հերթին լրագրողներն են, որոնց օբյեկտիվ գործունեության շնորհիվ հասարակությունը հնարավորություն է ստանում տեղեկանալ կատարվող զարգացումների վերաբերյալ։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը պահանջում է Ոստիկանությունից առավել զգոնություն ցուցաբերել բողոքի ակցիաների ընթացքում աշխատող լրագրողների նկատմամբ՝ կանխելու համար հանցագործ տարրերի կողմից նրանց նկատմամբ հնարավոր բռնության դեպքերը։
Միաժամանակ կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ բացառելով որևէ իրադրությունում լրագրողների նկատմամբ՝ ինչպես ակցիաների մասնակիցների, այնպես էլ՝ իրավապահ մարմինների կողմից լրագրողներին բռնության ենթարկելու դեպքերը։
Հայաստանի Ժուռնալիստների միություն